Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գնանք, տեսնենք։

— Գնանք։

Ձիավորները դարձրին իրանց ձիերի գլուխները դեպի այն կողմը։ Նեղ շավիղը, որ տանում էր այն կողմը, տեղ-տեղ կորչում էր մացառների և մինը մյուսի հետ հյուսված պատատուկ թփերի մեջ։ Ձիով անհնար էր անցնել։ Նրանք ցած իջան ձիերից, տվեցին մեկին պահելու, և մյուսները առաջ գնացին։ Մի քանի րոպեից հետո նրանք գտնվում էին մի փոքրիկ բլուրի գագաթի վրա, որտեղից բացվեցավ նրանց առջև մի այսպիսի տեսարան.—

Մի սարսափելի պարահանդես էր այդ, որի նմանը երբեք Դիոնիսիոսը չէ երևակայել իր բաքոսական բոլոր անբարոյականությամբ։ Մի կողմում թմբուկները և զուռնաները ածում էին, մի կողմում պար էին բռնել այն ձևով, որ մեզանում կոչվում է ետլլի, իսկ քրդերը կոչում են գուանդ: Պարում էին կանայք։ նրանք բազմաթիվ էին, և մինը մյուսի ձեռքից բռնած, կազմել էին մի երկայն շարք, որ շղթայի նման պտտվելով, ձևացնում էին մի մեծ բոլորակ։ Բոլորակի մեջտեղում ցցած էին երկայն ձողեր, որոնց գլուխների վրա վառվում էին ջահեր։ Նավթի մեջ թաթախած ցնցոտիքը բոցավառվում էին և իրանց ծիրանի շառավիղներով լուսավորում էին պարող կանանց գունաթափված երեսները: Ջահերի մոտ, բոլորակի միջնավայրում, նստած էին տղամարդիկ և դժոխային ոգևորությամբ նայում էին կանանց մերկ շղթայակապի վրա, որ անդադար շրջում էր նրանց շուրջը։

Երևում էր, որ այդ ողորմելի արարածները ակամա և ստիպմամբ հանձն էին առել այդ խայտառակ պարահանդեսը։ Ամոթը, անպատվությունը նրանց այն աստիճան մոլեգնության մեջ էին ձգել, որ իրանց կատաղությունը խելագարության էր հասնում։ Նրանց աչքերում վառվում էին բարկության բոցեր, շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ և գունաթափ երեսների վրա երևում էին սոսկայի ցնցումներ։ Շատերը նրանցից այնքան թուլասիրտ էին, որ չէին դիմանում անտանելի ցավին, և ուշաթափ լինելով, ցած էին գլորվում։— Իսկ այդ բորլորը, որ մարդկային խղճի վրա կարող էր ազդեք գութ, որ կարող էր ամեն մի սիրտ, որքան և քարացած լիներ նա, մեղմացնել և լցնել նրան առաքինական զգացմունքներով դեպի տկար և գեղեցիկ սեռը,— ընդհակառակն, ավելի բորբոքում էր գերիչների վայրենի կրքերը և ավելի գրգռում էր նրանց անասնական ոգևորությունը։

Պարը շարունակվում էր իր բոլոր դժոխային խաղարկությամբ։