խելոքներ հավաքվեցան, չկարողացան դուրս հանել։
Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա։
Խենթից - ուղիղ պատասխան։
- Ազգ. առածներ
Բայազեդր պաշարված էր։
Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն տաճկաց կանոնավոր զորքերըի հետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն։ Քրիստոնյա հայերի տները դատարկվել էին բնակիչներից։ Բարբարոսի սուրը և գերությունը սպառել էր նրանց։ Հայերից մի փոքրիկ մաս մի այս ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում։
Բայազեդի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ։ Փոքրաթիվ ռուս զինվորներ, հայ և թուրք կամավոր միլիցիայի հետ, ամրացել էին այնտեղ, և օրհասական հուսահատությամբ, սպասում էին մի սարսափելի վախճանի։ Բերդը չորեք կողմից սեղմված էր, կարծես, մի երկաթի օղակի մեջ, որը հետզհետե նեղանալով, կամենում էր միանգամից խեղդել և մահացնել հուսաբեկ պաշարվածներին։ Հարաբերությունը դրսի հետ բոլորովին կտրված էր։
Պաշարումը պատահեց 1877 թվի հունիսի 6-ին և տևեց ամբողջ 23 օր։ Դա այն ժամանակն էր, երբ ռուսաց հաջողակ սրի բախտը Հայաստանում հանկարծ փոխվեցավ։ Տեղային մահմեդականությունը, որ սկզբում այնքան հոժարությամբ ընդունեց ռուսաց