տեսնում էի, թե ինչպես դիմում են այնտեղ միշտ նոր և նոր խումբեր։
— Թնդանոթներ ունե՞ն։
— Ունեն։
— Ի՞նչ դիտավորություն ունեն։
— Շտապում են Բայազեդի բերդը առնել, հետո անցնել Երևան և մի շաբաթից հետո Թիֆլիսում լինել, որովհետև սիրուն վրացուհիները և հայոց աղջիկ-պարոնները սաստիկ հետաքրքրում են նրանց։
Գեներալի դեմքի վրա դարձյալ երևաց ժպտի նման մի բան, և նա արհամարհական կերպով հարցրեց.
— Քսան հազարո՞վ պիտի Թիֆլիս գնան։ Այդ լինել չէ կարող․․․
— Քսան հազարը քիչ չէ, տեր, երբ աոջևում հազար հատ սալդաթ չկա. բացի դրանից, շուտով կմիանան նրանց հետ Սմայիլ փաշայի բոլոր զորքերը։ Իսկ մեր կողմերի մահմեդականները գրկերը բացած, անհամբերությամբ սպասում են իրանց կրոնակից հյուրերին։
Կրկին մռայլ տխրությունը սև ամպի նման անցավ գեներալի դեմքի վրա, և նրա սիրտը, որ բախտի ձախողակի փոփոխությունից երբեք խռովել չգիտեր, այժմ սկսեց ալեկոծվել։ Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, սկսեց անգիտակցաբար շփել նրան, կարծես աշխատում էր վանել նրա վրա դիզված թախծությունը։ Եվ րոպեական մտածությունից հետո, ալևոր գլուխը վեր բարձրացրեց, հարցրուց.
— Բայազեդի քաղաքը մտա՞ր։
— Մտա։ Հայ-քրիստոնյայի մի շունչ անգամ չէ մնացել, ծերերին, պառավներին և երեխաներին կոտորեցին, լավ-լավ ջահել կնիկներին, աղջիկներին և պատանիներին գերի տարան, տները այրեցին, և ինչ որ ունեին կողոպտեցին։ Մի հարյուրի չափ ընտանիք միայն, որոնք առաջուց գիտեին, թե ինչ վտանգ է սպառնում Բայազեդին, դեռ քրդերր չեկած, փախան գնացին սահմանակից պարսից Մարդու քաղաքը։ Բայց դրանք էլ միայն իրանց գլուխը կարողացան ազատել, կայքերը թողեցին թշնամու ձեռքը։ Ա՞խ, այդ մահմեդականները ո՜րքան անգութ, ո՜րքան անազնիվ կերպով վարվեցան հայերի հետ...
— Ո՞րպես։
— Ե՞րբ պատերազմի սկզբներում ռուսները մոտեցան Բայազեդին,