տեղային մահմեդականները սաստիկ երկյուղի մեջ էին, կարծում էին, թե ռուսները կգան, և թուրքերի նման նրանց կկողոպտեն, և կայքը կհափշտակեն։ Այս մտքով իրանց ունեցածը թաքցրին հարևան հայերի տներում, ասելով, թե «դուք քրիստոնյաներ եք, ռուսները ձեզ չեն դիպչի, և մեր կայքը ձեր տներում ապահով կմնա»։ Ռուսները եկան, իհարկե, ոչինչ չարեցին, թե՛ մահմեդականի և թե՛ քրիստոնյայի հետ վարվեցան առանց խտրության։ Եվ մահմեդականները այդ տեսնելով, հանգստացան, և իրանց պահ տված իրեղենները ամբողջությամբ ետ ստացան հայերից։ Հիմա էլ, երբ ձայն դուրս եկավ, թե քրդերը գալիս են, թուրքերը ասացին իրանց հարևան հայերին․ «Դուք մեզ լավություն եք արել, մենք էլ պետք է փոխարենը ձեզ անենք, քրդերը գալիս են ձեզ կկողոպտեն, տվեցեք ձեր իրեղենները, մենք կպահենք»։ Հայերը հավատացին և ինչ որ ունեին, նրանց պահ տվին, և ոմանք իրանց կնիկներով ու աղջիկներով թաքնվեցան հարևան թուրքերի տներում։ Իսկ երբ քրդերը մտան քաղաքը, թուրքերը ասացին հայերին. «Դուրս եկեք մեր տներից․ եթե քրդերը կհասկանան, որ մեր տներում հայեր կան պահված, մեզ էլ ձեզ հետ կկոտորեն»։ Եվ այսպես, խեղճ հայերին տվեցին թշնամու ձեռքը, և նրանց հարստությանը իրանք տիրացան։ Բայց երբ սկսվեցավ կոտորածը, տեղային թուրքերը առաջինը եղան, որ բաց արեցին իրանց տներից կրակը․․․ այն թուրքերը, որ մի և կես ամիս առաջ ձեզ մոտ երդվեցան, գեներալ, հավատարիմ մնալ ռուսաց իշխանությանը... հրացանները արձակում էին ամեն կողմից, արձակում էին մինչև անգամ թուրքերի կնիկները...
Գեներալը լսում էր։ Երիտասարդը շարունակեց.
— Ա՜խ, եթե գիտենայիք, տեր, թե որքան լավ տղամարդիկ փչացան այն կռվի մեջ, որ մենք ունեցանք քրդերի հետ նախքան Բայազեդը նրանց ձեռքը տալը։ Որպես ձեզ հայտնի է, տեր, բերդի պահպանության համար թողած էին խիստ փոքր թվով ռուս զինվորներ, հայ և թուրք միլիցիայի հետ։ Շտոկվիչը, Բայազեդի այդ հերոսը, ռուս զինվորներով պահպանում էր բերդը, իսկ միլցիան պահպանում էր քաղաքը։ Մեզ վաղուց լուրեր էին հասնում, թե ահագին բազմություն քուրդերի, Շեյխ-Ջալալեդդինի և Շեյխ- Իբադուլլահի գլխավորությամբ, դիմում են դեպի Բայազեդ։ Այդ լուրերը հաղորդում էին մեզ վանեցի հայերը։ Մենք շտապեցինք, պահանջելով, որ վաղօրոք բերդը ամրացնեին, և մեզ մոտ պատրաստվեին բավականաչափ ուժեր թշնամու առաջն առնելու համար: