Ե
Անցնենք պատերազմից մի քանի տարի առաջ։
Բագրևանդի գավառում, Ս. Հովհաննու (Ուչ-Քիլիսայի) վանքից ոչ այնքան հեռու, Եփրատի վերին վտակներից մեկի ափի մոտ, գտնվում էր Օ... հայաբնակ գյուղը։ Նա դրված էր մի բավական ընդարձակ հովտի մեջ, ուր բնությունը չէր խնայած այն բոլոր նկարները, ինչ որ պետք էին նրան գեղազարդելու համար։ Հովիտը տարածվել էր երկու լեռնաշղթաների մեջ, որոնք ալիքավոր բարձրություններով շուրջանակի սեղմել էին նրան իրանց գրկում, տալով նրա տարածությանը ձվաձև կերպարանք: Մեջտեղից ոլոր- մոլոր պտույտներով անցնում էր Եփրատի վտակը, որին տեղացիք կոչում էին Աղ-սու, այսինքն` սպիտակ ջուր։ Նա այնքան մաքուր էր, որ արժանի էր այդ կոչմանը։ Հովիտի չորս կողմի սարերը պատած էին ճոխ արոտամարգերով, որոնք առատ սնունդ էին տալիս այնտեղ բազմաթիվ անասունների հոտերին, իսկ տափարակի ամբողջ հարթությունը պատած էր ցորենի, գարու, կտավատի և զանազան ընդեղենների արտերով։ Այստեղ երկրագործի աշխատող ձեռքը չէր թողել ոչ մի կտոր հող անմշակ։ Հովտի մեջ, մինը մյուսից հեռու, գտնվում էին մի քանի հայաբնակ գյուղեր, որոնք թաքնված էին այգիների և ձեռատունկ ծառերի մեջ, և հեռվից նայողի աչքին ներկայանում էին որպես կանաչազարդ անտառիկներ, որոնք առանձին խումբերով որոշվում էին տափարակի մերկությունից, որ զուրկ էր ծառերից։
Հովիտի բոլորովին ծայրումն էր դրած Օ... գյուղը և գոգավորված ձորակի մեջ։ Տանուտեր Խաչոյի բնակարանը, նրա իսկական անունը Խաչատուր էր, այն տներից մեկը, որ թե՛ իր մեծությամբ և թե՛ հարստությամբ որոշվում էր մյուսներից։ Այս տնից ամեն առավոտ քշում էին դեպի նախիրը հարյուրի չափ անասուններ։ Նրա կովերը, գոմեշները, եզները և ձիաները էին ամենաընտիրները ամբողջ գյուղի մեջ։ Այս տանն էին պատկանում հազարի չափ ոչխարներ, որոնք սեփական հովիվների հսկողության ներքո արածում էին մերձակա լեռների վրա։ Այդ տանն էր պատկանում այն ահագին ձիթհանը, ձեթ դուրս բերելու գործարանը, որ գտնվում էր գյուղի մեջ։ Այս տանն էր պատկանում այն գեղեցիկ ջրաղացը, որ գտանվում էր գյուղից դուրս, որի անիվները տարվա բոլոր եղանակներում անդադար բանում էին։ Բայց այն, որ ավելի նշանավոր էր Խաչոյի հարստության մեջ, դրանք էին