Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Հովսեփի եղբայրները նախանձվում էին հորից սիրված որդու վրա, բայց Ստեփանիկի եղբայրները բոլորը սիրում էին նրան։

Ծերունի Խաչոյի տունը հեռվից բոլորովին հին և նախնական ամրոցի տպավորություն էր գործում։ Նա գտնվում էր մի բարձրավանդակի վրա, և թե՛ իր շինվածքով, թե՛ դիրքով ուներ այն բոլոր հարմարությունները, որ պետք էին մի բնակություն ազատ պահելու համար արտաքին թշնամիներից։ Այդ ամրոցը պատած էր չորս ահագին պարիսպներով, որոնք քառակուսի ձևով միմյանց հետ միանալով, թողնում էին իրանց միջնավայրում բավական ընդարձակ տարածություն, որի վրա կառուցված էին զանազան շինություններ։ Դրսից ոչինչ չէր կարելի տեսնել, բացի չորս բարձր աշտարակներից, որոնք միացնում էին պարիսպների չորս անկյունները։ Ամրոցի շրջապատի մեջ զետեղված էին բոլոր բնակությունները, բոլոր ծածկոցները, որ պետք էին մի կանոնավոր տնտեսության համար։ Այստեղ էր ոչխարների գետնափոր գոմը, այստեղ էր ձիերի, կովերի և գոմեշների փարախը, որ, անասունների տեսակի համեմատ, առանձին-առանձին բաժանմունքներ ուներ։ Այստեղ էր սարայը երկրագործական անոթները պահելու համար. այստեղ էր մարագը, հարդանոցը, խոտանոցը, որոնց մեջ պահվում էր անասունները դարմանելու պաշարը, այստեղ կային զանազան մառաններ, զանազան ամբարներ մշակության բերքերի համար: Այստեղ կային և մի քանի խուղեր, որոնց մեջ բնակվում էին ծերունի Խաչոյի հովիվները և ծառաները իրանց ընտանիքներով, դրանք բոլորն ազգով քուրդ էին, կնիկները ծառայում էին որպես աղախիններ, իսկ տղամարդիկը որպես նախրապաններ, հովիվներ կամ երկրագործական մշակներ։ Մի խոսքով, այդ ամրոցի մեջ բովանդակում էր մի փոքրիկ գյուղ, որի միակ տերը և պետը ծերունի Խաչոն էր։

Նրա գերդաստանի համար որոշված բնակարանները իրանց շինվածքով և բաժանումներով այնքան բազմատեսակ և բաղադրյալ չէին, որպես այդ հորինել է մեր նոր և քաղաքակրթված աշխարհը։ Այլ դեռևս պահպանել էին այն նախնական պարզությունը և ձևը, երբ մի ամբողջ ընտանիք ապրում էր մի վրանի տակ, այն զանազանությամբ միայն, որ այժմ այդ վրանին փոխարինում էր քարեղեն շինվածքը։ Նրա բազմաթիվ որդիների համար, որոնց յուրաքանչյուրը իր զավակներով մի մեծ ընտանիք կարող էր կազմել, առանձին սենյակներ չկային, այլ բոլորը ապրում էին