Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավիրում է մշակին դեպի գործ։ Խաչոյի որդիները արդեն պատրաստել են արորը և գութանը։

Արևը դեռ նոր էր սկսել ծագել, դեռ նոր սարերի ձյունապատ գագաթները վառվում են վարդագույն ճառագայթներով: Ծերունին դառնում է առավոտյան ժամից, աջ և ձախ ամեն հանդիպած մարդուն «ողորմի աստված» ասելով։ Նրա որդիները այսօր առաջին անգամ պետք է դուրս բերեն եզներին և գոմեշներին, որոնք ամբողջ ձմեռը ախոռում կերել, գիրացել, հանգստացել են և ամենևին դրսի լույսը չեն տեսել։ Մեծ զվարճություն է գյուղացու համար այս տեսարանը, և այս պատճառով նրանցից շատերը հավաքվել էին Խաչոյի տան դռան մոտ, որ տեսնեն, թե ինչպես էին պահվել և խնամվել նրա անասունները։

— Աչքդ լույս, տանուտեր Խաչո,— հարցրեց նրան գյուղացիներից մեկը, — այսօր տղերքը ուզում են «խամից հանե՞լ» գոմեշներին։

— Հա՛, Ժամանակ է, մինչև ե՞րբ ներսումը պահենք. տերտերից հարցրի, ասաց «օրը բարի է». ես էլ կամեցա, որ այսօր դուրս հանեն,— պատասխանեց տանուտերը, մի առանձին նշանակություն տալով քահանայի խոսքերին։

Այս միջոցին ներսից լսվեցան զանգակի ձայներ և բազմութշունը ետ քաշվեցավ ճանապարհ բաց անելու համար։

— Այդ Չորան է,— լսելի եղավ ամեն կողմից։

Չորա կոչում էին տանուտերի նշանավոր գոմեշներից մեկին, որի ճակատը սպիտակ լուսնաձև պսակ ուներ և որը հռչակված էր իր ուժով և մեծությամբ։ Վիթխարի անասունը փռնչալով, մռնչելով, դուրս պրծավ տան դռնից։ Գետինը դողդողում էր նրա ոտների տակ։ Նա հանկարծ կանգ առեց դռան առջևի հրապարակի վրա և գլուխը վեր բարձրացնելով, սկսեց նայել իր շուրջը։ Նույն միջոցին ծերունի տանուտերը զարկեց նրա ճակատին մի ամբողջ անեփ ձու։ Ձուն փշրվեցավ և դեղնագույն հեղուկը տարածվեցավ սպիտակ ճակատի վրա։ Այդ նրա համար էր, որ չարը խափանվի և նրան «աչք չառնե»։ Չորան այդ գործողությունից խրտնեցավ, և եղջյուրները թափ տալով, մի սարսափելի թռիչք գործեց և հարձակվեցավ այնտեղ հավաքված ամբոխի վրա։ Նույն միջոցին վրա հասան ծերունու որդիները և ահագին մահակներով աշխատում էին ետ դարձնել ամեհի անասունին։ Մարդկային ուժը պատերազմում էր վայրենի ուժի դեմ։ Փարախի մթությունից դեպի լույս աշխարհ դուրս գալով, Չորայի անսովոր աչքերին ամեն առարկա