անորոշ ձևով և մռայլի մեջ էր տեսնվում։ Նա այժմ մինչև անգամ չէր ճանաչում իր տերերին, որ ամբողջ ձմեռը նրան կերակրել էին և որոնց ձեռքերը շատ անգամ խոնարհությամբ լիզել էր նա իր հանգստության ժամանակ։ Կատաղի մոլեգնության մեջ հարձակվում էր նա այս կողմ և այն կողմ։ Ընդդիմադրությունը անհնարին էր։ Խաչոյի վեց որդիները ամեն կողմից հարվածում էին նրան։ Բայց ահագին մահակների հարվածները ընդունում էր նա որպես մի թեթև տաշեղի զարկ։ Ծերունի տանուտերը, հեռու կանգնած լի հրճվանքով նայում էր այդ սոսկալի կռվին, որ կարող էր պատիվ բերել ամենանշանավոր հռոմեական կրկեսին։ Նրա աչքերի առջև հանդիսանում էին երկու չափազանց ուժեր, մեկը իր քաջ որդիների ուժը, մյուսը իր վիթխարի անասունի ուժը։ Երկուսն էլ հավասար նշանակություն ունեին նրա համար։ Այդ երկու ուժերից կախումն ունեին նրա տնտեսության բոլոր աշխատությունները։ Այժմ կռիվը ավելի սաստկացավ։ Որովհետև կտրվեցավ Չորայի վզի հաստ շղթան, որից քաշ էին տված մի ահագին գերանի կտոր, որպեսզի արգելեր նրա համարձակ քայլերը։ Գյուղացիները չվաններով վրա վազեցին, որ կաշկանդեն նրան։ Բայց ամեհի անասունի ամեն մի շարժումը բավական էր չվանները կտրատելու համար։ Նա հարձակվում էր դեպի ամեն կողմ և ամբոխը ճանճերի նման փախչում էր նրա առջևից։ Այդ զարհուրելի խռովության միջոցին կատարվեցավ մի հրաշալի քաջություն։ Ծերունի տանուտերի միջնակ որդին, որին կոչում էին Ապո, առյուծի ճարպկությամբ վրա վազեց և բռնեց Չորայի պոչից։ Կատաղած անասունը, նկատելով այդ արհամարհական հանդգնությունը, շտապեց գլուխը ետ դարձնել, որ իր եղջյուրներով պատժե անզգամին։ Գործվեցան մի քանի սաստիկ պտույտներ։ Չորան աշխատում էր ետ դառնալ, որ հարվածն իր հակառակորդին, բայց Ապոն նրա պոչից պինդ բռնած, պտույտվում էր նրա հետ։ Այդ մենամարտությունը տևեց մի քանի րոպե։ Ամեն կողմից լսելի էին լինում զարհուրանքի ձայներ։ Զայրացած գազանը մռնչում էր և գետնի մեջ ակոսներ էր ձգում իր ոտների շարժումներով։ Թանձր փոշին վեր էր բարձրանում և երկու կռվողները կորած էին հողեղեն ամպի մեջ։ Նույն միջոցին վրա հասան Ապոյի եղբայրները և շղթաներով կաշկանդեցին Չորային։ Ամեն կողմից այժմ լսելի եղան ուրախության ձայներ։
Ծերունի տանուտերը մոտեցավ Ապոյին, և նրա ճակատը համբուրելով, ասաց.