Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստուծո աչքը թող քո վրա լինի, որդի, դու իմ երեսը սպիտակացրիր։

Այս խոսքերով նա կամեցավ հայտնել, որ Ապոն չթողեց հորը ամաչել ժողովրդի առջև։ Հետո նա մոտեցավ Չորային, որպես իր մյուս զավակին, և ձեռքով նրա գլուխը շոյելով, ասաց.

— Չարաճճի, ինչո՞ւ էիր այսպիսի գժություն անում։

— Բայց Չորան այժմ հանգիստ էր. նրա աչքերի մռայլը փարատվել էր. նա այժմ ճանաչում էր իր տերերին, և, կարծես, փոշմանել էր իր գժության վրա։ Նրա պարանոցից կրկին կապեցին հաստ շղթան, կրկին շղթայից քարշ տվեցին ահագին գերանի կտորը, որի մյուս ծայրը հասնում էր գետնին և անցնում էր անասունի առջևի երկու ոտների միջից, և այնուհետև սկսեցին քշել դեպի գետը, որ լվանան, որ զովացնեն նրան սառը ջրի մեջ։

Գյուղացիների բազմությունը դեռ չէր հեռացել ծերունի Խաչոյի տան դռնից, որովհետև Չորայից հետո պետք է դուրս բերեին մյուս գոմեշներին, որոնք մինը մյուսից ավելի ամեհի էին։ Բայց այս անգամ ծերունու որդիները ավելի զգուշություններ գործ դրեցին և մի առանձին անկարգություն չպատահեցավ։ Նրանք հերթով դուրս էին բերում գեղեցիկ, առողջ, գեր ու պարարտ անասուններին, որոնց յուրաքանչյուրը ամեն մի գյուղատնտեսական հանդիսարանի մեջ կարող էր առաջին մրցանակը ստանալ։ Տանուտերը հիացմունքով նայում էր նրանց վրա, և փշրում էր նրանց ճակատին կախարդական ձուն, որ ազատ պահե չար աչքից։ Բացի դրանից, նա տերտերին գրել էր տվել մի-մի թիլիսմանական աղոթք, և եռանկյունի ձևով կանաչագույն կաշու մեջ կաբելով, քարշ էր տվել իր անասունների պարանոցից։ Գյուղացիները տեսնելով, գովում էին Խաչոյի որդիներին, որ կարողացել էին այնպես լավ պահել իրանց անասուններին։ Հայրը, լսելով իր որդիների գովասանքը, ուրախանում էր։ Այսպես պետք է նրանք ամեն օր դուրս բերեին «խամ պահած» անասուններին, մինչև մի փոքր ընտելանային, մինչև մի փոքր սովորեին դրսի օդին և լույսին, որ այնուհետև սկսեին հերկը հերկել։

Է

Ապրիլ ամիսը բերեց իր հետ ավելի տաք և ավելի պայծառ օրեր։ Լեռների վրա կարմիր, դեղին և սպիտակ շուշանները վաղուց արդեն ծաղկել էին և քրդերի աղջիկները քաղելով, փունջեր