Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանիքի ծակերը, ոտքով կոխ տալ, որ արգելի հալած ձյունի կաթկթոցը սենյակի միջից, որ նույն ժամուն անձրևում էր խեղճ բնակիչների գլխին։

Աղջիկը յուր աշխատությունն ավարտել էր արդեն, երբ խրճթի բակը մտավ մեր ընթերցողին նախածանոթ պատանին: Դա օրիորդի եղբայրն էր։

Տեսնելով եղբորը` քույրն ուրախացավ. —Փայտ բերեցիր, եղավ նրա անհամբեր հարցմունքը։

Պատանին պատմեց քրոջը յուր դժբախտ դեպքը։ Մի քանի կաթիլ արտասուք երևացին աղջկա տխուր աչքերում։

— Գրողը տանե՜ նրան... —ասաց օրիորդը,—բա՛ նա աստված չունե՞ր...

Պատանին ոչինչ չպատասխանեց, նա տրտում կերպով նայում էր քրոջ երեսին։ Իմերելի ապտակը լրջացած գույնով դեռ դրոշմված էր խեղճ տղի թշի վրա։

— Մեր մայրը կմեռնի ցրտից, Սանդրո ջան, —ասաց օրիորդը հուսահատությամբ։

Մինչ նա այս տխրության մեջն էր, հանկարծ աչքն ընկավ խրճիթին կից փլատակներին. նա տեսավ քանդված առաստաղի գերաններից մեկի գլուխը մի քանի թզաչափ երևում էր տակից, իսկույն նրա գլխում ծագեց մի միտք։

— Կարա՞ս մի սղոց ճարել,—հարցրուց եղբորից։

— Ի՞նչ պիտի անես,—ասաց Սանդրոն։

— Էն գերանից մի քիչ կտրենք։

—Կարամ, —պատասխանեց Սանդրոն և վազեց դեպի իրանց դրացի հյուսն Օսեփի տունը և մի քանի րոպեից հետո դարձավ սղոցը ձեռին։

Քույր ու եղբայր մոտեցան գերանին, մինը նստեց նրա մի կողմը, մյուսը` նրա հանդեպ. նրանք բռնեցին սղոցի երկու ծայրից և սկսան շարժել։ Սկզբում նրանք անվարժ էին, չգիտեին ինչպես բանեցնել գործիքը, հետո փոքր առ փոքր սովորեցան, և սղոցն ազատ կերպով վազում էր փտած գերանի վրա։ Մինչև կեսը կտրել էին, երբ նրանք հոգնեցան. երկուսի էլ թևիկները թուլացավ։

— Ի՞նչ դժար բան է էլի դուրկալությունր, -ասաց Սանդրոն քրտինքը սրբելով։

— Հա՛, դժվար է,—պատասխանեց քույրը։

— Լավ է, որ մերս ինձ դուրկալի մոտ աշկերտ չտվեց:

— Կսովորեիր, Սանդրո, էլ թևերդ չէր ցավի։