էին պատկերներ, որոնք ներկայացնում էին զանազան տեսարաններ սուրբ գրքից, երևում էին զանազան սուրբերի փոքրիկ սնդրիներ, որոնք դրած էին պատուհաններում, մի խաչելություն, սև փայտից շինված։ Ամբողջ սենյակը շնչում էր հույնի կամ կաթոլիկի կրոնական ջերմեռանդությամբ, որ լրացնում էր տան տիկինը յուր բարեպաշտական անձնավորությամբ։ Նրա սև հագուստը, երեսի մեղմ գծերը, փափուկ ձայնը և այն հեզ ու խոնարհ գիրքը, որով նստած էր աթոռի վրա, այդ բոլորն այնպիսի տպավորություն էին գործում, որ կարծես ինքը այն պատկերներից մեկը լիներ։
Մեկը, ոտքերի մատների վրա, երբեմն մտնում էր մութ նախասենյակը, կանգնում էր դռան մոտ, ականջ էր դնում և դարձյալ հուշիկ քայլերով հեռանում էր։ Դուրս գալով բակը մոտենում էր նա դրսի դռանը և, գիշերապահ շան նման, կուչ էր գալիս նրա հետևում, ականջները լարում էր դեպի փողոցը։ Դա ներքևի հարկի դռնապանն էր։ Եթե մեկը ցերեկով տեսնելու լիներ այդ մարդուն, նրա առջև կներակայանար մի այսպիսի կերպարանք, միջահասակ էր նա, մեջքը փոքր-ինչ կռացած դեպի ցած։ Մազերի մեջ դեռ նոր էին սկսել ճերմակներ երևալ։ Երեսի կաշին թուխ էր։ Ավելի թուխ գույն ունեին մեծ ականջները, որ չղջիկի լայն թևերի նման դուրս էին ցցվել կեղտոտ, լերդագույն ֆեսի տակից։ Շրթունքները կարճ էին, և ատամների երկու խոշոր շարքեր, հաճախ ծխելուց սաստիկ սևացած, մնում էին միշտ բաց, մանավանդ երբ նա ծիծաղում էր։ Կարճ էր և դուրս ցցված քիթը, որ թավ հոնքերի հետ մի սուր անկյուն էր կազմում։ Աչքերից մեկը միշտ խփած էր. երբ ձախը բաց էր անում, աջն էր խփվում, երբ աջը բաց էր անում, ձախն էր խփվում։ Հագուստը մի ծիծաղելի խառնուրդ էր ասիականից և եվրոպականից։ Ձախ ձեռքի երեք մատները կտրած էին։
Բակում տիրում էր խորին մթություն, միայն ստորերկրյա նկուղներից մեկի նեղ լուսամուտից նշմարվում էր լույսի մի բարակ շերտ, որ վերևից ուղղակի կերպով ձգվում էր դեպի ցած։ Երևում էր, որ հետևի տախտակապատը լավ չէին փակել։ Այդ լուսամուտից երբեմն քսվում էին ծիծաղի խուլ ձայներ, որ ամենևին չէին համապտասխանում այդ տխուր բնակարանի ընդհանուր լռությանը։
Մեծ փողոցի խճահատակը դղրդաց անցնող կառքի անիվներից և մի քանի րոպեից հետո դարձյալ լռեց։ Կառքը կանգ առեց,