Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց կանգ առեք բավական հեռավորության վրա: Մեկի շտապ քայլերն սկսեցին մոտենալ միևնույն դռանը, որի հետևում կուչ էր եկած վերևում նկարագրած մարդը։ Նա վեր կացավ, պատրաստվում էր դուռը բաց անել, երբ նրա աչքին ընկավ նկուղի լուսամուտից փայլող բարակ շերտը։ Նա մոտեցավ և դրսից խորհրդավոր կերպով բախեց լուսամուտը։ Շերտն անհայտացավ և ծիծաղի ձայները լռեցին։

Նույնպիսի խորհրդավոր զարկ լսելի եղավ բակի դռան հետևից։ Դռնապանը կամաց բաց արեց, հայտնվեցավ մի բարձրահասակ անձն, ոտքից ցգլուխ փաթաթված լայն վերարկվի մեջ։ Նա, առանց մի բան ասելու դռնապանին, լուռ անցավ բակի միջով և դիմեց դեպի այն սենյակը, որտեղ գտնվում էր տանտիկինը դժբախտ մոր հետ:

Խավարի մեջ կանգնած դռնապանը, աջ ձեռքի բթամատի ծայրը դնելով յուր քթի սուր ծայրի վրա, բոլոր մատները հեգնական կերպով բաց արեց նրա հետևից։ Եթե տիրող մթությունն արգելք չլիներ, շատ հետաքրքրական էր տեսնել այն գարշելի ծիծաղը, որ հայտնվեցավ այդ մարդու նենգավոր դեմքի վրա։

Մտնելով սենյակը, նա յուր լայն վերարկուն և փոքրիկ գլխարկը, որ քաշել էր աչքերի վրա, մի կողմ ձգեց, և շտապով մոտեցավ թախտի վրա պառկած կնոջը, գրկեց նրան, ասելով.

— Նիրի՛ր ինձ, սիրելի Ջահրա, ես ուշացա... շատ ուշացա... եթե գիտենայիր դու, թե ի՞նչեր պատահեցին ինձ հետ, չէիր մեղադրի ինձ։

— Այո՛, ուշացար...— ասաց մանկահասակ կինը տխուր ձայնով, և նրա ձայնը խեղդվեցավ կրծքի մեջ։

— Տարա՞ն...— հարցրեց երիտասարդը, զգացված կերպով։

— Տարա՜ն...— պատասխանեց մանկահասակ կինը և ալքերը ծածկեց ձեռքի թաշկինակով։

Երիտասարդը նստեց նրա մոտ և երկար մխիթարում էր նրան ջերմ, սրտագին խոսքերով։ Բայց տառապյալ մոր խուլ հեկեկանքը միայն լինում էր նրա սփոփիչ խոսքերի պատասխանը։

Փոքր-ինչ հեռու, ոտքի վրա, կանգնած էր Ելենան։ Այդ սրտաշարժ վայրկյանում նա մի այնպիսի երկյուղած դեմք էր ընդունել, կարծես թե աղոթելիս լիներ։ Երիտասարդը նոր նկատեց նրան, մոտեցավ և, ձեռքը մեկնելով, ասաց.

— Ես բառեր չեմ գտնում իմ շնորհակալությունը հայտնելու քեզ, հարգելի Ելենա, այն անթիվ բարությունների համար, որ դու