Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանձն առար թե՛ Զահրայի վերաբերությամբ և թե հատկապես ի՛մ վերաբերությամբ։ Հուսով եմ, որ մեր մանուկի պահպանությունն այնպիսի ապահով վիճակի մեջ դրած կլինես, որ Զահրան ավելի առիթներ կունենա քեզանից գոհ լինելու, իսկ ես՝ նրա երախտագիտության պարտքը քեզ լիապես վճարելու։

— Շնորհակալ եմ, բեյ,— պատասխանեց Ելենան բարեսիրտ ժպիտով,— այդքանը ևս ինձ համար մեծ վարձատրություն է, որ դուք ինձ արժանացնում եք՝ իմ ձեռքը սեղմելու։ Իսկ ձեր զավակի մասին կարող եք բոլորովին ապահով լինել։ Ելենան փորձված կին է, նա գիտե, թե որպես պետք է խնամել մանուկներին։

Բեյը հայ ամիրաների այն ազնվատոհմ զավակներից մեկն էր, որ յուր պատանեկության հասակից Փարիզում տաշվել, կոկվել էր համաշխարհական մայրաքաղաքի կենցաղավարության բոլոր նրբություններով։ Նրա կախարդիչ կերպարանքը, որ ամեն կնոջ սիրտը կարող էր դղրդել, նրա վայելչակազմ հասակը, յուր բոլոր ճկունությամբ, ավելի փայլ էին տալիս այդ նրբություններին։ Երեսուն տարեկան հազիվ կլիներ նա, բայց բոլորովին թարմ մնացած դեմքը մի դեռահաս պատանու տպավորություն էր գործում։

Նա մի քանի անգամ անցավ սենյակի միջով, նայեց ժամացույցին, և ապա դիմեց մանկահասակ կնոջը, ասելով.

— Մենք ուշանում ենք, սիրելի Զահրա։

Մանկահասակ կինն իսկույն չպատասխանեց։

Ելենան, ինչ-որ մտածելով, հեռացավ սենյակից։

— Ես հույս ունեմ, որ դու այնքան լավ ես զգում քեզ,— կրկնեց երիտասարդը, բռնելով նրա ձեռքից,— որ կարող ենք, առանց ժամանակ կորցնելու, թողնել այդ տունը։

— Առողջությունս վատ չէ,— պատասխանեց նա նվաղած ձայնով,— բայց չգիտեմ՝ ինչո՞ւ այս գիշեր այդքան թույլ եմ զգում ինձ։

— Բոլորը կանցնի, նազելի Զահրա. դրսի օդը կկազդուրե քեզ, պատրաստվի՛ր, գնանք:

— Գնանք,— ասաց նա ցած իջնելով թախտի վրայից և հենվելով երիտասարդի թևքի վրա։

— Այդպես չէ կարելի, սիրելի Զահրա, դու պետք է փոխես այս հագուստդ,— նկատեց երիտասարդը։

— Ինչո՞ւ:

— Դու պետք է քո սովորական տաճկական հագուստով մտնես քո հոր տունը։