Երբ բեյը կրկին մտավ սենյակը, Զահրան արդեն հագուստը փոխած, պատրաստ էր։
— Մնաս բարյավ, Ելենա,— ասաց երիտասարդը բռնելով նրա ձեռքը և տալով նրան մի թանկագին մատանի.— այդ նշանը ով որ բերելու լինի ինձ մոտ, կստանա այն գումարը, որ նշանակված է ամեն ամիս քեզ վճարելու համար։ Իսկ առայժմ ընդունի՛ր, խնդրեմ, այդ փոքրիկ նվերը։
Ելենան մեծ դժվարությամբ ընդունեց ընծաները, զանազան դարձվածներով կրկնելով միևնույն խոսքերը, թե ինքը նյութական ակնկալություններ չունի, այլ յուր համար թանկ է բեյի բարի ուշադրությունը, և թե ինքը, ավելի կրոնական զգացմունքներից դրդված, յուր հոգաբարձության ներքո է առնում նրանց «սիրո առաջին պտուղը» և այլն։
Ոչ սակավ սրտաշարժ եղավ Զահրայի բաժանվիլը յուր խնամակալից. մի քանի անգամ համբուրեց նրա ձեռքը, երկար՝ արտասուքն աչքերում աղաչում էր, պաղատում էր յուր զավակի պահպանության համար, խնդրում էր, որ երբեմն նրան բերել տա յուր տունը, որպեսզի ինքը գա տեսնելու, պատվիրում էր, որ նրա առողջության մասին շուտ-շուտ տեղեկություններ տա իրան, և յուր սրտի բոլոր զեղմունքին հագուցիչ պատասխաններ էր ստանում։
Երբ ամեն ինչ վերջացած էր, երիտասարդը կրկին փաթաթվեցավ յուր լայն վերարկվի մեջ, քաշեց աչքերի վրա փոքրիկ գլխարկը և առավ Զահրայի թևքը, որ նույնպես փաթաթված էր մի տաճկական թեթև շալի մեջ և երեսը սքողած ուներ անթափանցիկ շղարշով։
Ելենան ճանապարհ դրեց նրանց մինչև բակի դուռը։
Մտնելով փողոցում սպասող ծածկված կառքի մեջ, երիտասարդը հրամայեց.
— Դեպի ծովեզրը...
Է
Յուր հյուրերին ճանապարհ դնելուց հետո, երբ բակի դռները կրկին փակվեցան, Ելենան նկատեց հրեային, որ փորը բռնած, երբեմն կուչ էր գալիս, կծիկ էր դառնում, երբեմն ձգվում էր և միևնույն ժամանակ լրբաբար ծիծաղում: