— Սո՜ւս, նզովյալ, ի՞նչ ես այդպես հռհռում,— սաստեց նրան տիկինը,— կորի՛ր քո տեղը։
— Ի՜նչ անեմ, հարգելի տիկին, չեմ կարողանում ծիծաղս պահել, աստված վկա, չեմ կարողանում...— պատասխանեց նա, ձեռքերը չհեռացնելով յուր կլորիկ, դուրս ընկած փորից։
— Սո՜ւս, ասում են քեզ,— կրկնեց տիկինը բարկացած ձայնով,— ծիծաղելու ժամանա՞կ ես գտել:
Հրեան մրթմրթալով մոտեցավ, անհետացավ դռան հետևում։
— Առանց հարցնելու, ոչ ոքի համար դուռը չես բաց անի, հասկացա՞ր,— պատվիրեց տիկինը։
— Հասկացա, հարգելի տիկին... ինչպես չհասկացա,— ասաց նա յուր սովորական խորամանկ ձայնով։
Ելենան լուռ անցավ բակի միջով, մոտեցավ ներքնատան նկուղի լուսամուտին, որտեղից մի ժամ առաջ նշմարվում էր լուսեղեն բարակ շերտը, և երեք անգամ բախեց լուսամուտը։ Հետո մտավ սենյակը, հոգնած վաստակած մարդու նման, պառկեց այն թախտի վրա, որտեղ մի քանի րոպե առաջ պառկած էր Զահրան։ Եվ իրավ, նա հոգնած էր։ Ոչինչ այնքան չէ հոգնեցնում, որպես մտավոր և հոգեկան սաստիկ լարված դրությունը։ Այս գիշեր այդ դրության մեջ էր Ելենան՝ յուր հյուրերի ներկայության ամբողջ ժամանակը։ Բայց նա հանգստանալ չկարողացավ. նա սկսեց ինքն իրան հաշիվ տալ այն բոլորի մասին, ինչ որ կատարել էր, և մտածել այն բոլորի մասին, ինչ որ նրան նորից ներկայանում էր կատարելու...
Ելենան ազգով հույն մի այրի էր։ Յուր ամուսնուց ունեցած զավակները բոլորը մեռան, և այնուհետև կրկին չամուսնացավ նա, թեև ամուսնանալու համար դեռ բավական թարմություն ուներ։ Պարապում էր նա մի տեսակ վաճառականությամբ, որ ավելի կանանց հատուկ է։ Նա տնային «թելլալ» (միջնորդ) էր։ Տաճիկների թե՛ բարձր դասի և թե միջին դասի կանանոցների դռները բաց էին նրա առջև։ Ամեն օր յուր մթերքների ծանր արկղը դնում էր նա իրանից անբաժան հրեայի շալակը և սկսում էր տները պտտել։ Ցերեկը հրեան նրա համար բեռնակրություն կաներ, իսկ գիշերը դռնապանություն։ Այդ արկղի մեջ կային կանանց համար զանազան պաճուճանքներ, թանկագին շալեր և արծաթյա կամ ոսկեղեն զարդարանքներ։ Այդ մահմեդական քաղաքում վաճառական կինը միայն կարող էր մուտք գործել կանանոցներում, այդ պատճառով Ելենայի առևտուրը բավական հաջող էր գնում։ Նա ոչ