միայն վաճառում էր յուր մթերքները, այլ պատահած ժամանակ գնում էր տաճիկ կանանցից, երբ նրանք մի ավելորդ բան ունեին վաճառելու։ Շատ անգամ յուր ունեցած նորը փոխում էր հնի հետ և վրադիր փող էր ստանում։
Նրա առևտրական ձեռնարկությունների հետ կապված էին և այլ գործողություններ։ Պատահում էր, որ այս կամ այն աստիճանավորի կինը փողի կարոտություն ուներ, նա յուր պատվին անվայել էր համարում անձամբ այս կամ այն վաշխառվին դիմելու։ Ելենան այդ տեսակ կարոտյալների համար մի պատրաստի դրամարկղ էր։ Նա վեր էր առնում թանկագին գրավականներ և նրանց պարտք էր տալիս ծանր տոկոսներով։ Եվ եթե ինքը պատրաստի փող չէր ունենում, նույն իրեղենները գրավ էր դնում մի սեղանավորի մոտ և փող էր գտնում։
Այդ առիթներով մուտք գործելով կանանոցների խորշերում և ծանոթանալով այնտեղ փակված արարածների հետ, սակավ չէր պատահում, որ Ելենան կամ վկա և կամ միջնորդ էր դառնում հարեմական զանազան բանսարկությունների (ինտրիգ)։ Դրսից անմատչելի կանանոցներում ամեն տեսակ ապսպարանքներ տանելու համար, և ներսից դեպի դուրս ամեն տեսակ հանձնարարություններ կատարելու համար, Ելենան մի ամենահարմար միջնորդ էր։ Այդ պատճառով սակավ չէր պատահում, որ նա դեր էր խաղում զանազան սիրահարական հարաբերությունների մեջ, և յուր դերը կատարում էր բավական ընդունակ կերպով։
Այժմ կարծեմ հասկանալի է, թե ի՛նչ առիթով ծանոթացավ նա բեյի և Զահրայի հետ։
Ելենայի բախման ձայնը դուրս կոչեց ներքնատան նկուղից մի տղամարդ մի կնոջ հետ։ Վերջինը գրկում ուներ երկու երեխա, որոնք կարծես երկվորյակներ լինեին։ Երբ նրանք մտան սենյակ, Ելենան չշարժվեցավ յուր տեղից։ Երկուսն էլ մտերմաբար բոլորեցին նրա թախտի շուրջը, ասելով միաձայն.
— Բավական երկար տևեցին ձեր հյուրերի զրույցները...
— Բեյը սիրում է խոսել,— պատասխանեց Ելենան թեթև ժպիտով,— իսկ Զահրան ստիպված էր խոսել, որովհետև սիրտը լցված էր...
Մանկահասակ կինը, որին կոչում էին Ալպինիա, թուխ դեմքով, թուխ աչքերով, նիհար ծնոտով, սև, գանգուր մազերով, որ ծածկում էին նրա փոքրիկ ճակատը, և մուգ-կարմիր շրթունքներով մի գեղեցկուհի էր, որի նմանները կարելի է տեսնել բոշաների