դժբախտ մայր, որպես այն խեղճ օրիորդը... ես գիտեմ ինչ է մոր սիրտը... Գազաններն անգամ սիրում են իրենց կորյուններին... Իսկ ե՛ս, որքան էլ փչացած կին լինեմ, գազանից վատ չեմ...— արտասուքը խեղդեց նրան, թույլ չտվեց, որ շարունակե:
— Դու սկսում ես դարձյալ քո հին երգերը երգել... Կամ սա՛, կամ նա՛... կրկնում եմ քեզ։ Եթե դրան պահելու լինես, էգուց քո լակոտին ծովը կուղարկեմ...
— Ինչպես մի քանիսին ուղարկել ես...
— Այո՛։ Ոչինչ ինձ այնքան ատելի չէ, որքան երեխայի ձայնը։ Ես շատ ուրախ կլինեի, եթե բոլոր կանայք ջորիների նման ամուլ լինեին...
Ելենան լուռ հանդիսատես էր լինում այդ վիճաբանություններին։ Նրան չէր զարմացնում Էլիասի անգութ վայրագությունը, նրան զարմացնում էր Ալպինիայի ընդդիմադրությունը։ Նա այնքան եղեռնական գործողությունների ականատես էր եղել, որ նրա մեջ ամեն փափուկ զգացմունքներ քարացել էին։ Բայց Ալպինիան, ինչպես ինքը խոստովանվեցավ, թեև փչացած կին էր, բայց նրա մեջ դեռ պահպանվել էին հանգած սրտի մի քանի կենդանի կայծեր...
Ելենան այնքան խոհեմություն ուներ, որ երկուսի զայրացած րոպեներում՝ չկամեցավ ոչ Ալպինիայի և ոչ Էլիասի կողմը բռնել, թեև նա հակված էր ավելի դեպի վերջինը։ Նա յուր միջամտությունը թողեց ավելի հարմար ժամանակի։ Երկուսն էլ նրա համար պիտանի անձնավորություններ էին. պետք էր հաշտեցնել նրանց։
— Խնդրեմ, թողեք այդ կռիվը,— ասաց նա,— դրա ժամանակը չէ, մենք ուրիշ, ավելի կարևոր խոսելիքներ շատ ունենք...
Էլիասը չսպասեց նրա կարևոր խոսելիքներին, վեր առավ յուր ծխաքարշը և մրթմրթալով դուրս գնաց։ Նրա բացակայության միջոցին՝ Ելենան դարձավ դեպի վշտացած կինը այս խոսքերով.
— Սիրելի Ալպինիա, ինչո՞ւ ես բարկացնում նրան. դու խո գիտես նրա կամակորությունը, նրա անտանելի համառությունը, ինչ որ ասաց, նրա վրա էլ կմնա։
— Ես չեմ հասկանում, նա ի՞նչ է ուզում ինձանից:
Ելենան սովորություն ուներ յուր ամենասրտագին ցանկությունները կատակի ձևով արտահայտել։
— Նա ուզում է,— պատասխանեց նա խորամանկ ժպիտով,— որ դու քո զավակին սնուցանես, և ամեն ամիս ստանաս այն վճարը,