Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոստացել է բեյը, որպես թե նրա զավակին ես սնուցանում...

— Իսկ բեյի զավակն ի՞նչ անեմ։

— Այդ քո ամուսնու գործը կլինի...

— Իսկ երբ մի օր հայտնվի բեյը և յուր զավակին պահանջե ինձանից:

— Այն ժամանակ քոնը կտաս նրա զավակի փոխարեն։

— Ես չեմ կարող հոգիս կորցնել։ Աշխարհի բոլոր հարստությունների հետ չեմ փոխի իմ զավակին։ Իմ երեխան ինձ համար ամեն բանից ավելի թանկ է։

— Բայց քո ամուսնու աչքում մի սոխի գլխի չափ գին չունի։ Եթե նա յուր բոլոր երեխաները, որ ծնել են նրա համար կանայք, պահելու լիներ, մի բանակ կկազմեին։

— Այդ ես գիտեմ...— ասաց Ալպինիան դառնացած կերպով։ — Ես այս անգամ վճռել եմ՝ ամեն բանի պատրաստ լինել և թույլ չտալ, որ նա յուր կամքը կատարե...

Խոսակցությունն ընդհատվեցավ։ Դուռն աննկատելի կերպով բացվեցավ, ստվերի մեջ հայտնվեցավ հրեան և ձեռքերը տրորելով մի քանի անգամ հազաց, աջ աչքը խփեց ձախը՝ բաց արավ, ձախը խփեց, աջը՝ բաց արավ և վերջապես հարցրեց.

— Պարո՜նը... բա՞ց անեմ...

— Ի՞նչը, այդ անիծված աչքե՞րդ,— հարցրեց Ելենան բարկանալով։

— Ոչ, հարգելի տիկին, դուռը...

— Այդ ի՞նչ հարցնելու բան է, ի՞նչու չբացարիր։

— Դու հրամայեցիր, որ մինչև քեզ չհայտնեմ, բաց չանեմ։

— Հիմար, դու պետք է հասկանայիր, որ «պարոնի» համար չէր կարող լինել իմ հրամանը։

— Այդ ես չմտածեցի, հարգելի տիկին,— մրթմրթաց հրեան և շարունակելով ձեռքերը տրորել, հեռացավ, թեև նա շատ լավ գիտեր, որ «պարոնը» յուր տիկնոջ բոլոր հաճախորդների մեջ մի առանձին բացառություն էր կազմում, որ վայելում էր անսահման ազատություն։

Ներս մտավ մի բավական լավ հագնված պարոն, որ, դեռ նախասենյակը չմտած, դրսից սկսեց խոսել.

— Փոքր էր մնում, որ այդ նզովյալ հրեան ինձ փողոցումը թողներ... բայց նա էլ իրավունք ուներ... ես ուշացա... շատ ուշացա...