Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու այս գիշեր տխուր ես, Ալպինիա,— հարցրեց նրանից, և երբ պատասխանն ուշացավ, ինքն իրան պատասխանեց.

— Երբ Ալպինիան կամենում է ինձ պատժել, միշտ իրան տխուր է ձևացնում։

Էլիասի աչքերը վառվեցան։

— Իսկ դո՛ւ, երբ կամենում ես մարդկանց պատմել, շատ ես խոսում,— ասաց նրան։

Պարոնը լեզուն քաշեց։

Ելենայի վիճակը շատ նախանձելի չէր։ Նա չգիտեր, թե ի՛նչով կվերջանար յուր արբանյակների լարված դրությունը, որ նրան խիստ տարօրինակ էր թվում։ Պարոնի անակնկալ այցելությունը նրան ավելի շփոթեցրեց։ Նա չէր ցանկանա, որ այս գիշեր նա հանդիսատես լիներ Էլիասի և Ալպինիայի մեջ տեղի ունեցած կռիվներին, որ թեև դադարած էին, բայց ամեն րոպե կարող էին նորից բորբոքվել։

— Այս ի՜նչ է,— խոսքը փոխեց պարոնը,— կարծես, սուգի տուն լինի։ Գոնե մի բան տվեք խմելու, ես ծարավ եմ, սաստիկ ծարավ եմ։

Ելենան վեր կացավ ըմպելիք և ճաշելիք պատրաստելու:

Պարոնը կրկին դիմեց Ալպինիային, հարցնելով.

— Էլիասը բարկացած է երևում, բաչց այդ ինձ չի զարմացնում. գազանները միշտ բարկացկոտ են լինում։ Իսկ դո՛ւ, իմ ուրախ թռչնի՛կ, և՛ բարկացած ես, և՛ տխուր ես. այդ ինձ շատ է զարմացնում: Ասա՛, ի՞նչն է քեզ այդպես վրդովեցրել, անմե՜ղ հրեշտակ։

— Ես էլ չեմ իմանում,— պատասխանեց նա, առանց գլուխը բարձրացնելու:

Խե՜ղճ կին, ի՞նչն էր ձգել նրան այդ կասկածավոր հասարակության մեջ, ի՞նչն էր կապել նրան մի կատաղի տղամարդի հետ, նա այդ չգիտեր և ինքն իրան հաշիվ տալ չէր կարող։ Նա զգում էր մի բան միայն, որ ինքը դժբախտ է և որ այդ դժբախտությունից ազատվելու ամենևին հնար չունի... Քանի՜-քանի՜ անգամ փորձել էր նա հեռանալ այդ գազանից. քանի՜-քանի՜ անգամ. վերջին հուսահատության մեջ, վճռել էր անձնասպանությամբ վերջ տալ յուր տառապանքներին, բայց միշտ մի մթին, անբացատրելի զգացմունք զսպել էր դժբախտին։ Նա մնում էր սիրելու, և սիրելով տանջվելու համար։— Սիրելու այն տղամարդին, որից սարսափում