Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, սիրելու յուր դահճին, որ ամեն րոպե պատրաստ էր նրան մորթելու...

Ելենան սեղանի վրա դրեց երեք շիշ գինի և զանազան ճաշելիքներ։

Ալպինիան չմոտեցավ սեղանին, գրկեց երկու մանուկներին և լուռ դիմեց դեպի ներքնատան նկուղը։

Էլիասը տեսնելով նրա գնալը, մոտեցավ սեղանին և ոտքի վրա մի քանի բաժակներ միմյանց հետևից խմելով, ինքը ևս հետևեց կնոջը։

Սենյակում մնացին Ելենան և պարոնը։ Վերջինն արդեն նստած էր սեղանի մոտ, իսկ Ելենան շվարված կերպով մնացել էր ոտքի վրա, չգիտեր նստել, թե գնալ նրանց հետևից։ Պարոնի վրա ևս խիստ ծանր տպավորություն գործեց երկու ամուսինների հեռանալը։

— Այդ ի՞նչ է պատահել,— հարցրեց Ելենայից։

— Հետո կպատմեմ,— պատասխանեց նա, և իսկույն դուրս գնաց, յուր մտքումն ասելով. «Հիմա խեղճ կնոջ գլխին մի փորձանք կբերե...»:

Ը

Մինչ Ելենայի տան մեջ հանդիսանում էին նախընթաց տեսարանները, կառքը հանդարտ կերպով շարժվում էր դեպի ծովեզրը։ Զահրան ընկողմանած էր մի անկյունում, ամենևին չէր խոսում։ Չէր խոսում և բեյը։ Երկուսի մեջ ևս տիրում էր այն ծանր լռությունը, որ տեղի է ունենում հոգեկան խորին վրդովմունքներից հետո։

Զահրան վերադառնում էր յուր հոր տունը, որտեղից արդեն երկու ամիս բացակա էր։ Նա բացակա էր այնտեղից յուր նախատինքը ծածկելու համար։ Եվ այդ նախատինքի մեջ էին թաքնված նրա անցյալ հիշողությունների ամենաքաղցր զգացմունքները։ Առանց ամուսին լինելու, նա այժմ մայր էր։ Առանց պսակված լինելու, գտնվում էր յուր ամուսնու կողքին։

Անցյալը նրա մտքում մռայլ գույներով էր ներկայանում: Ներկան անորոշ էր։ Գոնե ապագան մի որևէ հույս խոստանա՜ր...

Նրա և յուր սիրած էակի մեջ մի խորին վիհ կար։ Այդ անդունդը, որ ոչինչով չէր կարելի լցնել, լցրել էր սերը։ Բայց նրա