Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրայից թռիչք գործել և մյուս կողմն անցնել, չէր համարձակվում ոչ Զահրան և ոչ բեյը։

Այդ կրոնի բացած անդունդն էր, որ բաժանում էր երկուսին: Զահրան մահմեդական էր, իսկ բեյը քրիստոնյա։ Երկուսի ամուսնությունը, մի մահմեդական երկրում, հնարավոր կարող էր լինել այն ժամանակ միայն, երբ քրիստոնյան և՛ յուր կրոնը, և՛ յուր ազգությունը կզիջաներ մահմեդականին։ Բեյը մի այդպիսի զոհ չէր կարող բերել։ Նրա մեջ ամուր էին թե՛ կրոնի և թե ազգության զգացմունքները։

Մի այդպիսի զոհ, որքան ևս ցանկանար, չէր կարող բերել և Զահրան։ Կրոնը կքարկոծեր նրան։ Հոր դիրքը, տոհմային հպարտությունն ավելի սանձահարում էին նրան: Մի ելք միայն կարող էր նրան դուրս բերել այդ ամենադժվարին դրությունից, այն է, յուր սիրած տղամարդի հետ գնալ, հեռանալ մի ավելի ազատ երկիր։ Բայց յուր փախուստով չէր ցանկանում նա մուր քսել յուր տոհմի պատվի վրա, թեև մյուս կողմից յուր սիրո մեջ այնքան հեռու էր գնացել նա, որ ետ դառնալը՝ արդեն անկարելի էր դարձել նրա համար։

Զահրան դեռ օրիորդ էր, մի նշանավոր փաշայի աղջիկ։ Նրա հայրը, մի տարի կլիներ, որ տերության պաշտոնով գնացել էր Եգիպտոս։ Մայրը վաղուց վախճանված էր։ Հոր բացակայությունն ավելի ազատություն տվեց նրա կրքերին: Իսկ մայր չունենալը ավելի ընդարձակեց այդ ազատությունը։ Նրա հոր մյուս կանայքը, որոնց թիվը փոքր չէր, թշնամաբար էին վարվում նրա հետ, որպես սովորաբար վարվում են խորթ մայրերը։ Նրանց վարմունքը նպաստեց օրիորդին մի կողմից, որքան կարելի է, յուր հարաբերությունները խզել նրանց հետ, մյուս կողմից, յուր համար առանձին, անջատված կացություն ստեղծել հոր տան մեջ։ Բարեսիրտ հայրը չզրկեց յուր դստերը այդ բավականությունից, և Զահրան ժառանգեց մոր բնակարանը, որովհետև նրա միակ զավակն էր։

Մահմեդական բարձր շրջանների ընտանիքներում յուրաքանչյուր կին յուր առանձին բնակարանն ունի, յուր աղախիններով, սպասավորներով և որոշյալ հասույթներով։ Զահրայի մորն էր պատկանում փաշայի ծովեզրյա ապարանքը, որ յուր կացության համար ստացավ Զահրան, և հատկացրած էր նրան, իբրև օժիտ։

Ամառային ամիսներում, երբ Զահրայի մայրը տակավին կենդանի էր, փաշան բնակվում էր հիշյալ ապարանքում։ Զահրայի