մոր մոտ, որ յուր բոլոր կանանցից ավելի սիրելի էր նրան։ Այդ ժամանակ բեյը պաշտոնով գտնվում էր նրա հոր մոտ ծառայության մեջ։ Նրա հարաբերությունները յուր մեծավորի հետ ավելի բարեկամական էին, քան թե պաշտոնական, և այդ էր պատճառը, որ երիտասարդ բեյը սովորություն ուներ խիստ հաճախ այցելել այդ ապարանքը, որի արևելյան շքեղ կացության մեջ մեծ բավականություն էր գտնում։ Ծերունի փաշան սիրում էր խոսել Եվրոպայի վրա, քաղաքականության վրա, Տաճկաստանի վերանորոգության վրա, իսկ այդ տեսակ խոսակցությունների համար երիտասարդը մեծ պաշար ուներ։ Այստեղ նա ծանոթացավ Զահրայի հետ։ Բայց ծանոթացավ այն աստիճան, որքան կարելի է ծանոթանալ մահմեդական կանանոցում փակված մի օրիորդի հետ։ Երբեմն անցնելու միջոցին լուսամուտի հետևից տեսնում էր նրա գլուխը, երբեմն տեսնում էր նրա երեսը, մի քանի անգամ ևս լսեց թեթև զարկ ապակու վրա, այդքանը միայն։ Բայց այդ ևս բավական էր, երբ հաճախ էր կրկնվում, և մանավանդ որ բեյը դուրս գնալու ժամանակ միշտ նկատում էր միևնույն գլուխը, միևնույն ապակիների հետևում։
Բեյը թողեց յուր ծառայությունը, որ կատարում էր հիշյալ փաշայի մոտ, և թողեց գլխավորապես այն պատճառով, որ ապակիների հետևում հայտնվող գեղեցիկ գլուխը նրան փորձանքի մեջ չձգեր։ Իսկ նա թեև անձամբ հեռացավ յուր մեծավորի ապարանքից, բայց սիրտը մնաց այնտեղ...
Այնուհետև մտավ նա ծովային ծառայության մեջ օսմանյան նավատորմիղում, որի համար մասնագիտաբար պատրաստված էր։
Ծովը մի լայնածավալ մուտք է ծովեզրյա տների համար։ Լուսնկա գիշերների խաղաղ լռության ժամանակ ոչ սակավ անգամ բեյի մակույկն անցնում էր այն ապարանքի մոտով, որտեղ բնակվում էր նրա սիրելին։ Այժմ կանանոցի փակված ապակիների հետևից նայող գլուխը՝ յուր ամբողջությամբ հայտնվում էր պատշգամբի վրա, որ նայում էր դեպի ծովը և բոլորովին կախված էր նրա վրա։ Բեյի մակույկը մոտենում էր այդ պատշգամբին, կանգնում էր նրա ներքև։ Վերևից դեպի ցած, ցածից դեպի վեր, լինում էին խոսքերի փոխաբերություններ։ Երբեմն պատշգամբից քարշ էր ընկնում մի բարակ թել և յուր ծայրին տանում էր մի ծրար,— սիրաբորբոք զգացմունքների ծրարը։ Երբեմն քարշ էր ընկնում մի պարանավոր սանդուղք և նրա հետ, մամուկի արագությամբ, ցած էր իջնում նավակի մեջ պատշգամբի գեղեցկուհին...