Զահրայի մոր մահը, հոր պաշտոնով Եգիպտոս գնալը ավելի դյուրություն տվին այդ գիշերային տեսակցություններին ծովի վրա։
Մահմեդական կանանոցը, յուր բոլոր խստություններով հանդերձ, շատ դյուրություններ ունի յուր դատապարտյալների ցանկություններին բավականություն տալու։ Շատ անգամ նույն ներքինիները, որ կարգված են այնտեղ որպես արթուն պահապաններ, շատ անգամ հենց նրանք են լինում առաջնորդները` դրսից մարդիկ ներս թողնելու կամ ներսից կանայք դուրս թողնելու։ Այդ դեպքում խիստ հաջող գործ է կատարում ոսկին։ Իսկ բեյը ոսկիներ շատ ուներ։
Կառքը հասավ Բոսփորի ափին։ Բեյը գրկեց Զահրային, ցած բերեց, հետո կառապանին արձակեց։
Հենված սիրած տղամարդի թևքի վրա, նրանք անցան բավական տարածություն։ Ամայի եզերքը լուսավորված էին լուսնի գունաթափ լուսով, որ խիստ թախծալի տպավորություն էր գործում: Մեղմ ալիքների դանդաղ ընդհարումներն աղմկում էին գիշերային տիրող լռությունը: Չհեռանալով ափերից, նրանք հասան մի տեղ, ուր ցցից կապած էր մի մակույկ։ Մի մարդ պառկած էր ավազների վրա, ցցի մոտ: Բեյը մոտեցավ, զարթեցրեց նրան։
— Պատրա՞ստ է մակույկը,— հարցրեց նրանից։
— Պատրաստ է, էֆենդի,— պատասխանեց դեռ ոչ բոլորովին արթնացած նավաստին։
Բեյը մոտեցավ Զահրային, որ կանգնած էր փոքր-ինչ հեռու: Նա ավելի ցած քաշեց երեսի թանձր քողը։ Հետո գրկեց նրան, տարավ ափի մոտ կազմված տախտակամածի վրա, և այնտեղից զգշությամբ դրեց մակույկի մեջ, ինքն ևս ցատկեց նրա մոտ։
— Բա՛ց արա,— հրամայեց նա։
Նավաստին բաց արավ ցցից կապած պարանը, հարցնելով.
— Իսկ ե՞ս...
— Դու կմնաս այդտեղ և առավոտյան լուսաբացին կստանաս քո մակույկը։
Երևում էր, որ նավաստիի համար այդ առաջին անգամը չէր, որ յուր գեղեցիկ մակույկը հանձնում էր բեյի կամքին։ Բոսֆորի վրա՝ գիշերային զբոսանքներ կատարելու համար նա շատ անգամ վարձել էր այդ մակույկը, որ հատկապես զբոսանքների համարը էր շինված։ Փափուկ օթոցների վրա տարածված էր մի նախշուն գորգ, այս կողմ և այն կողմ դրած էին սիրուն բարձեր, պատած