Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան, որքան կարող էր զոհ բերել մի օրիորդ սիրած տղամարդին... Բայց վե՛րջը... ի՞նչ կլինի մեր վերջը...

Վերջին խոսքերը, որ արտասանեց նա այնքան սրտագին զգացմունքներով, բեյի համար շատ նշանավոր էին։ Նա մի քանի վայրկյան լուռ մնաց և ապա պատասխանեց.

— Իրավ է, սիրելի Զահրա, դու շատ զոհեցիր։ Իսկ ես այդ զոհը կփոխարինեմ ամեն բանով` ինչ որ ունեմ և ինչ որ կարող եմ ունենալ: Իմ կյանքը, իմ սիրտը, իմ բոլոր էությունը քեզ է նվիրված և քեզանով միայն գոյություն պիտի ունենա։ Դու հարցնում ես, թե ի՞նչ կլինի մեր վերջը։ Դա մեր սիրո ամենածանր հարցն է, որ որքան վաղ վճռվի մեր մեջ, այնքան ավելի երջանիկ կլինենք մենք։ Լսի՛ր, ինչ որ կարողացել եմ մտածել ես։ Ես արդեն որոշել եմ թողնել ծառայությունս, թողնել և Պոլիսը։ Դու իհարկե չես մոռացել քո խոստմունքը, թե ուր որ գնալու լինեմ ես, դու կհետևես ինձ։ Այդ` թեև կլինի քեզ համար վերջին և ամենածանր զոհաբերությունը. բայց եթե մի այլ հնար լիներ, ես երբեք չէի ցանկանա խլել քեզ քո ընտանիքի և քո հայրենիքի գրկից։ Առանց դրան բախտավոր լինել մենք չենք կարող։ Կգնանք միասին Եվրոպա, կընտրենք մի քաղաք մեր բնակության համար, իսկ ապրելու համար, և լա՛վ ապրելու համար, ես բավական միջոցներ ունեմ։ Այնտեղ մահմեդական կրոնը մեզ չի հալածի, դու կարող կլինես ազատ կերպով պսակվել ինձ հետ։ Այնտեղ դու ազատ կլինես և ծնողների հալածանքներից և հասարակության դատապարտությունից։— Ասա՛, համաձա՞յն ես։

— Բայց երեխա՞ս... ի՞նչպես թողնեմ երեխաս...

— Կտանենք մեզ հետ:

— Նա դեռ այնքան փո՜քր է... նա դեռ այնքան անզոր է...

— Կսպասենք, մինչև փոքր-ինչ զորանա։

Զահրան դարձյալ լռեց։ Բացի յուր զավակից, որ հափշտակել էր նրա մայրական բոլոր զգացմունքները, նրա մեջ վառ էր և յուր կրոնի զգացմունքները։ Այդ էր պատճառը, որ նա հարցրեց.

— Ես այնտեղ պետք է քրիստոնյա՞ դառնամ։

— Ոչ, սիրելի Զահրա, դու քրիստոնյա չես դառնա, դու կմնաս բոլորովին ազատ քո կրոնական հավատալիքների մեջ,— պատասխանեց բեյը, հանգստացնելով նրան։— Բայց այնտեղ դու նոր կմտնես կյանքի մեջ։ Այստեղ կանանոցի չորս պատերն են եղել քո աշխարհը, դու խիստ սակավ բան ես տեսել և շատ փոքր բան ես սովորել։ Իսկ այնտեղ կյանքն ընդարձակ է և կինն ազատ։ Ամեն