Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծես դժգոհում էր ցրտի սաստկության վրա, այլև մի քանի հատ հավեր, որոնք իրանց կչկչոցով երբեմն ընդհատում էին տնակի մեռելային լռությունը։

Այդ աղքատ գերդաստանը պատկանում էր խարազ Օվանեսին, որ յուր կենդանության ժամանակ հազիվ կարողանում էր հոգալ ընտանիքի ապրուստը։ Նա մեռավ վերջին խոլերայից, թողնելով յուր որդիքը դառն աղքատության մեջ։ Չքավորությունը շուտով ստիպեց նրա այրիին վաճառել տնից այն բոլոր բաները, որոնք կարող էին որևիցե գին բերել։ Նրանք ևս շուտով սպառվեցին, այնուհետև նրանց վիճակն եղավ անտանելի։

Քեթևանը — այդպես էր Մարիամի մոր անունը— չէր կարողանում գործել, որովհետև նա մի տկար կին էր։ Ամուսնու մահվան կսկիծը բոլորովին մաշեց նրան, այնուհետև նա չէր կարողանում բաժանվել հիվանդության մահճից։

Սանդրոյին տվել էին աշկերտ կոշկակար Սիմոնի մոտ յուր հոր արհեստը սովորելու։ Տան հոգսը մնացել էր Մարիամի վրա: Խեղճ աղջիկն ամբողջ օրը հանգստություն չուներ։ Նա խնամք էր տանում հիվանդ մորը, լվանում էր, կարկատում էր յուր և եղբոր հագուստը։ Իսկ պարապ ժամերում նա գնում էր իրանց դրացի լվացարար Կեկելի մոտ, այնտեղ աշխատում էր, օրական մի քանի շայի փող ստանալով, որոնցով գնում էին ցամաք հաց և երբեմն մի կտոր միս, որ Մարիամն եփում էր հիվանդի համար: Գիշերները նույնպես օրիորդը հանգիստ չէր քնում։ Դրացիքը նրան տալիս էին կարելու մի բան, որի համար փոքրիշատե վճարում էին։

Այն գիշերը Մարիամը նստած կարում էր մի արխալուղ, երբ լսեց դռան թխկոցը։— Ո՞վ ես,— ձայն տվեց նա։

— Ես եմ,— լսելի եղավ դռան ետքից։

— Ա՛խ, Նիկոլ, դո՞ւն ես,— ասաց օրիորդը, ճանաչելով ծանոթ ձայնը և իսկույն վազեց բաց արավ դուռը։

Եկվորը լվացարար Կեկելի որդին էր, մի առողջ պատանյակ բավականին ուղիղ կազմվածքով և վայելուչ դեմքով։ Նա բերեց մի ամանի մեջ կերակուր, որի վրա դրած էր մի կտոր հաց, և տվեց Մարիամին, ասելով՝

— Մերս ուղարկեց։

— Գնա՛ տաքացիր, Նիկոլ, դու մրսել ես,— ասաց նրան օրիորդը և կերակուրը տարավ մոր մոտ։— Մայրիկ, տաք կերակուր է, մի փոքր խմի ջրիցը, դու էսօր ոչինչ չես կերել: