Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի առարկա քեզ մի նոր բան կսովորեցնե և ամեն մի օր քեզ մի նոր միտք կտա։ Դու կկարդաս, կզարգանաս, և այն ժամանակ կրոնը, սիրելի Զահրա, կմնա քեզ համար որպես խաղաղացած, հանգստացած խղճի քաղցր հիշողություն...

Զահրան ոչինչ չպատասխանեց։ Վերջին խոսքերը նրան այնքան հասկանալի չէին։ Նա հասկանում էր մի բան միայն, որ, ո՛ր աշխարհում ևս լինի, ո՛ր երկիր ևս գնալու լինի, սիրած տղամորդի հետ նրա սիրտն ուրախ կլինի և օրերը լավ կանցնեն։

Լուսինը վաղուց արդեն մայր էր մտել և նրա թողած մթությունը հետզհետե պարզվում էր ծագող լույսի կապտագույն շառավիղներով։ Առավոտյան աստղը յուր բոլոր պայծառությամբ դեռ շողշողում էր հորիզոնի վրա։ Արշալույսը, մի ամոթխած կույսի թշերի նման, սկսել էր շառագունիլ։ Ծովային թռչունները սրաձայն աղմուկով ողջունում էին Բոսֆորի սքանչելի առավոտը։ Մակույկը հանդարտ կերպով լողում էր դեպի ափը, որի ժայռոտ ամրության վրա կանգնած էր փառավոր ապարանքը։ Բարձր սյունազարդ «քյոշք»-երը, որ մրցում էին ամպերի հետ, կամարակապ պատշգամբները, հյուսված կենդանի պատատուկներով, ասիական քառանկյունի լուսամուտները գույնզգույն ապակիներով, տալիս էին նրան մի դյութական արտահայտություն, որ շնչում էր և՛ զեղխության, և՛ փափկության, և՛ խորին իշխանական փառասիրության ոգով, որ ամեն ինչ կլանում է, սպառում է, միայն ինքն ապրելու, և շքեղ ապրելու համար...

Մակույկը մոտեցավ ապառաժներին, որոնց վրա կանգնած էր ապարանքը։ Զահրայի աչքերը լցված էին արտասուքով։ Նա կրկին ցած քաշեց երեսի քողը և ծածկեց արտասուքը։ Նախքան հայրենական տան շեմքի վրա ոտք դնելը, մի անբացատրելի, անորոշ զգացմունք կրակի նման այրում էր նրա սիրտը։ Գտնվելով յուր սիրելիի ներշնչած քաղցր արբեցության մեջ, նա դեռ չէր հասկանում, թե ինչ է, որ այնպես սաստիկ տանջում է իրան:— Այդ զարթած ամոթի զգալի խայթն է...

Մակույկի մոտենալը նկատելով, ափի վրա, մռայլի միջից հայտնվեցավ մի մռայլ կերպարանք։ Նրա դեմքի սև մակերևույթի վրա փայլում էին երկու խոշոր սպիտակ կետեր։ Դրանք նրա երկու աչքերն էին։ Իսկ նրանց ներքև` երբեմն փայլում էին երկու շարք սպիտակ ատամներ, որ ծիծաղ և ուրախություն էին արտահայտում։ Ուրիշ ոչինչ չէր երևում։

Ապարանքն ուներ յուր փոքրիկ նավամատույցը, որ շինված