Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր սովորաբար գալիս էր նա կիրակի օրերը։ Ուրեմն, ծախքերի հոգսից ազատվեցավ նա։ Արախչինը դրեց գլխին։

Սկսեց դիմել դեպի եկեղեցի։

Կիրակի օրերում մշեցի համալները լցնում էին այն եկեղեցիները, որտեղ գիտեին թե լավ քարոզ են տալիս։ Ղալաթիայում այդ ժամանակ հոլակ էր ստացել մի ճարտար քարոզիչ։ Աստուծո խոսքը քաղաքի ամեն ծայրերից ժամասեր մշեցիներին քաշում էր այնտեղ։

Եկեղեցու դռները փակ էին. պատարագն ավարտվել էր, իսկ այնօր քարոզ չէր եղել։ Գավթում ոչ ոք չէր երևում։ Մնացել էին մի քանի կույր և կաղ մուրացկաններ, որոնք նույնպես պատրաստվում էին հեռանալ։

Օհանը մոտեցավ ժամատան փակ դռներին, համբուրեց, երեսը խաչակնքեց և ինչ-որ շշնջաց շրթունքների միջից։ Հետո դիմեց դեպի մի սենյակ։ Նախքան մտնելը, անցավ պատշգամբի վրա, լուսամուտից ներս նայեց։ Մի նիհար, բարձրահասակ երիտասարդ, գունաթափ դեմքով, կանգնած էր գրասեղանի հետևում, ինչ-որ կարդում էր։ Չորս, թե հինգ մշակներ նստարանների վրա լսում էին։ Օհանը զարմացավ։ Նրան զարմացրեց երկու բան. նախ ուրիշ կիրակի օրերում այդ բոլոր նստարանները բռնված էին լինում մշակներով, իսկ այսօր համարյա դատարկ էին. երկրորդ՝ ինչպե՞ս էր պատահել, որ յուր բարեկամ Ոսկանն այնտեղ չէր, որ այդ սենյակի եռանդոտ այցելուներից մեկն էր։

Այդ սենյակը հասարակ օրերում ծառայում էր իբրև դպրոց փոքրիկ մանուկների համար, իսկ կիրակի օրերում նիհար երիտասարդը հավաքում էր այնտեղ մշեցի համալներին կամ Հայաստանի այլ կողմերից եկած մշակներին, և նրանց գրել-կարդալ էր սովորացնում։ Երբեմն դասախոսություններ էր անում Հայոց երկրի այս և այն տնտեսական խնդիրների վրա։ Այսօր կարդում էր Տարոնի—մշեցոց հայրենիքի—պատմական նշանակության մասին:

Օհանը ներս չմտավ, թեև ամբողջ քաղաքում չկար նրա համար մի այնքան սիրելի տեղ, որպես այդ սենյակը։ Նա դարձյալ ընկավ նախկին հոգսերի մեջ։ Այստեղ հույս ուներ գտնել Ոսկանին, այդ հույսից ևս զրկվեցավ։

Նա տեսավ, որ մի այլ մշակ շտապով, շնչասպառ, վազում էր դեպի նույն սենյակը։

— Ոսկանին չե՞ս տեսել,— հարցրեց նրանից։

— Նա գնաց Կում-Կափու,— ասաց մշակը և անցավ։