Ատենապետ էֆենդիի աջ կողմի բազկաթոռից վեր կացավ մի բարձրահասակ անձնավորություն՝ արծվի աչքերով և ալեխառն մորուքով։ Նրա պատկառելի դեմքը այնպիսի տպավորություն էր գործում, որ եթե ալեկոծված ծովի վրա մի հայացք ձգելու լիներ, ծովը հեզությամբ կմեղմացներ յուր կատաղությունը։
— Անկարելի է դուրս գալ, սրբազան,— դողդողալով նկատեց նրան ատենապետ էֆենդին։
— Ես կգնամ և ամբոխը կցրեմ,— պատասխանեց սրբազանը։
— Ձեզ խորհուրդ չէի տա, սրբազան,— պնդում էր ատենապետ էֆենդին։
— Իմ մշեցիներն ինձ վրա բար չեն նետի,— ասաց նա և անցավ շվարած երեսփոխանների աթոռների միջով։
Երբ հայտնվեցավ նա դրսում, խուռն բազմությունը միաձայն թնդաց.
— Կեցցե՜ մեր Հայրիկը...
Երբ ձայները փոքր-ինչ լռեցին, նա ասաց.
— Հեռացե՛ք, զավակներս, քանի որ ես կենդանի եմ, ձեր երկրի շահերը միշտ պաշտպանված կլինեն։
Ուրախացած բազմությունը սկսեց ցրիվ գալ։
Ժ
Օհանը կարողացավ գտնել Ոսկանին կիրակնօրյա խռովության երրորդ օրը։ Բարեսիրտ ծերունին ուրախությամբ գրկեց նրան, որովհետև բավական ժամանակ չէր տեսել։
Կեսօր էր։ Համալները ճաշում էին։ Նրանք նստած էին մաքսատան քառակուսի բակի բարձր կամարներից մեկի ներքո, վերևից քարշ ընկած մեծ կշեռքից փոքր-ինչ հեռու։ Նստած էին բոլորակ կերպով, խճահատակի վրա։ Մեջտեղում դրած էր մի ահագին պղնձե տաշտ, որ փռից նոր էր բերված։ Մի ոչխարի ամբողջ կեսը, զանազան բանջարեղենների հետ, լավ խորովված, յուր անուշ հոտով ախորժակ էր հրավիրում։ Տասն և երկու ուժեղ ձեռքեր մեկնվում էին տաշտի մեջ և ամեն անգամ տանում էին իրանց հետ խոշոր պատառներ։ Տաշտը դողում էր նրանց առջև։
Օհանին ևս հրավիրեցին ճաշել։ Նա տեղավորվեցավ Ոսկանի մոտ։ Թեև այնօր ոչինչ չէր կերել, բայց ներքին անհանգստություը խլել էր նրա ախորժակը։ Այդ նկատեց Ոսկանը և ժպտալով ասաց նրան.