Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շտապի՛ր, թե չէ մեկ էլ աչքդ կբացանես, կտեսնես, որ տաշտի մեջ բան չէ մնացել։

Մի այլ համալ ծաղրեց ասելով.

— Եթե բանելու մեջ էլ այդպես ես, քեզանից խեր չկա[1]:

Ոսկանը վեր առավ տաշտից մի մեծ պատառ միս, դրեց Օհանի առջև, որ ինչպես ուզում է, այնպես ուտե և քաղցած չմնա։

Խոսակցությունը, ըստ մեծի մասին, պտտվում էր կիրակի օրվա խռովությունների վրա։ Համալները զայրացած էին, որ Ազգային ժողովի հետագա նիստը անորոշ ժամանակով հետաձգել էին։ Դրանից վատ նախագուշակություններ էին անում։

— Դուք կարծում եք, այդ մարզիկը հոգի՞ ունեն, հավա՞տ ունեն,— ասաց Ոսկանը գլուխը զայրացած կերպով շարժելով։— Նրանց փարա՜ տուր, փարա՜, ամեն բան կանեն...

Խոսքը ժողովի երեսփոխանների մասին էր։

— Իսկ Պողոս վարդապետը փարա շատ ունի,— ասաց մի այլ համալ։

— Ինչո՞ւ չի պիտի ունենա,— խոսեց մի ուրիշը,— մեզ նման խո քրտինք չէ թափում․․․ ամեն կողմից գռփում է, գջլում է, յուր համար փող է շինում... և հարկավոր ժամանակ ամենի բերանը ոսկու փականք է դնում...

— Փողը թո՛ղ յուր գլուխն ուտե,— ասաց Ոսկանը,— ո՞ր վարդապետը, ո՞ր երեցն է փողից երես դարձնում։ Սուտ չեն ասել. «սա՜ր ու ձոր՝ իրիցի փոր...»։ Բայց վատն այն է, որ այդ մարդը, թուրքի հետ՝ թուրքություն է անում, քրդի հետ՝ քրդություն է անում: Երբ մեկը նրան ասում է, հայր սուրբ, այդպես լավ չէ, նա թուրքի կամ քրդի ձեռքով նրան ծակն է կոխում... Ի՜նչքան մարդիկ նրա պատճառով մաշվում են բանտերում... որքան տներ է քանդել նա... Մի՞թե դա հայ-քրիստոնյայի գործ է։

Հայաստանից Պոլիս եկած մշակները մեծ եռանդ էին ցույց տալիս ոչ միայն այն հարցերում, որ ուղղակի վերաբերում էին իրանց հայրենիքին, այլ առհասարակ բոլոր ազգային նշանավոր հարցերում նրանք արտահայտում էին թե իրանց դժգոհությունը և թե իրանց համակրությունը այնպիսի համարձակ ցույցերով, որ անձնազոհության էին հասցնում։ Այդ տնից, տեղից, բարեկամներից

  1. Հայաստանում արագությամբ ուտելը արագ գործելու նշան է։ Երբ մարդիկ մշակներ են վարձում, սկզբում նայում են, թե ինչպես են ուտում: Նույն փորձն անում են ձիաների և երկրագործական այլ անասունների վրա: Եթե դանդաղ կերպով են ուտում, այդ արդեն դանդաղկոտության նշան են համարում։