զրկված թշվառները, սրտները լի հազարավոր վշտերով, ավելի լա՛վ գիտեին իրանց հայրենիքի վշտերը, ավելի լա՛վ ծանոթ էին նրա վերքերի հետ։ Այդ էր պատճառը, որ նրանք ոչ սակավ անգամ հանդիսանում էին իբրև մի ազդու թարգման իրանց հայրենիքի և Պոլսի պատրիարքարանի միջև։
Այժմ համալների վրդովմունքին առարկա դարձած Պողոս վարդապետը Վանի առաջնորդն էր։ Այդ եկեղեցականի անկարգ վարմունքները, քանի տարի էր, որ ամբողջ Վանի վիճակը խռովության մեջ էր պահում: Թուրք պաշտոնակալներին շողոքորթելը, քուրդ ցեղապետների հետ հարաբերություններ պահպանելը, նրանց ձեռքով յուր հակառակորդներին պատմելը, բարեխիղճ անձանց հալածելը և նրանց աքսորի կամ բանտարկության մատնելը,— դրանք այն զենքերն էին, որոնցով Պողոս վարդապետը մաքառում էր յուր հակառակորդների դեմ։ Վան քաղաքում կազմվել էր երկու ոխերիմ կուսակցություն, որ կոչվում էին «պողոսյան» և «ապոդոսյան»: Առաջին պարագլուխներն էին՝ զանազան հայ բեյեր, էֆենդիներ, զանազան կապալառուներ, վաշխառուներ, մի խոսքով, ամեն տեսակ հարստահարիչներ, որոնք թե իրանց շահերով և թե պարապմունքներով պետք ունեին Պողոս վարդապետի նման մի առաջնորդի։ Երկրորդ կուսակցությունը կազմված էր բողոքող, հարստահարված հասարակությունից, որի ձայնն ամեն դեպքում խեղդվում էր։
Տեղային կառավարությունը, Վանի փաշան, պաշտպանում էր Պողոս վարդապետին։ Նա պաշտպանություն էր վայելում և՛ ժողովրդի հայ կեղեքիչներից։ Նեղյալ ժողովուրդը, անճար մնացած, յուր բողոքներով դիմում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին։ Այստեղ ևս Պողոս վարդապետը վարձել էր հզոր պաշտպաններ ոչ միայն Ազգային ժողովում, այլև Կրոնական ժողովում։ Ամենքն աշխատում էին մինչև վերջին ծայր օգնել անկարգին, որ Վանում մնար, իսկ եթե անհնար լիներ նրան յուր տեղում պահել,— այդ դեպքում տալ նրան Մուշի առաջնորդությունը։ Այդ էր, որ գրգռել էր մշեցի համալներին։
Պատրիարքը— Խրիմյան Հայրիկը,— հակառակ Պողոս վարդապետի բազմաթիվ պաշտպանների, պահանջում էր, որ նրան ոչ միայն հարկավոր էր հեռացնել Վանից, այլ պետք էր աքսորել մի որևէ վանքում ցմահ ապաշխարելու, որպեսզի ժողովրդի միջից խռովությունը և երկպառակությունը դադարի։ Այդ հարցը մի քանի տարի Ազգային ժողովի վիճաբանությունների