Այս էջը հաստատված է
առարկա էր դարձել։ Վերջին օրերում պետք է յուր լուծումն ստանար[1]։
Ճաշելուց հետո համալները ցրվեցան և յուրաքանչյուրը յուր «փալանը» բարձի փոխարեն դնելով գլխի տակին, պառկեցին խճահատակի վրա մաքսատան պահեստի կամարների ներքո, որ փոքր-ինչ հանգստանան, մինչև տոթն անցնի։
Օհանը և Ոսկանը մնացին միայնակ։
— Հիմա ասա՛, զավակս,— դարձավ բարեսիրտ ծերունին դեպի պատանին,— ի՞նչպես ես, ի՞նչ ես շինում, լա՞վ են գնում քո գործերը։
Օհանը սկսեց պատմել յուր հետ պատահած արկածները։
- ↑ Ներկա դարուս վերջին կիսարաժնում չէ կարելի քույր տալ մի եկեղեցական, որ այնքան զբաղեցրած լինի մամուլը, որ այնքան հուզած լինի ժողովրդի խաղաղությունը, որպես Պողոս վարդապետը,— մի մարդ, որ, արդարև, զարմանալի տոկունություն ունի յուր խռովարար ձեռնարկությունների մեջ։ Երեսուն տարի կլինի, որ նա հարատև երկպառակության մեջ է պահել Վանի հայ հասարակությունը և նրա եռանդը երբեք չէ հոգնում։ Եթե նրա գործողությունները լինեին դեպի լավը, դեպի բարին, նա նույնքան անզուգական կլիներ՝ իբրև մի հզոր գործիչ, որպես այժմ անզուգական է իբրև յուր նմանը չունեցող խառնակիչ։ Խրիմյանի պատրիարքության օրերում Կ. Պոլսի ամբողջ մամուլն զբաղված էր նրա արարքներով։ Հրատարակվեցան նաև մի քանի տետրակներ, որոնց մեջ խիստ սև գույներով նկարագրված էին նրա չարագործությունները։ Այդ ժամանակ «Մշակի» մեջ մի շարք հոդվածներով ես ծանոթացրի ռուսահայերին Պողոսի հրեշավոր անձնավորության հետ։ Երկար տարիներ նա ամենածանր հոգսեր էր պատճառում Խրիյանին, մինչև հաջողվեցավ նրան հեռացնել Պողոսին Վանի առաջնորդությունից և, որքան հիշում եմ, աքսորել Կաբինի կողմերի մի վանքում ապաշխարելու համար։ Այնտեղ մնում էր նա մինչև Խրիմյանը հրաժարվեց պատրիարքական աթոռից և գնաց Վան։ Այդ ժամանակ Պողոսը յուր աքսորանքից ազատվեցավ, նույնպես գնաց Վան, ապրում էր յուր վանահայրության ներքո եղած Կտուց անապատում, որ գտնվում է Վանի ծովակի մեջ, մի քանի ժամ հեոավորության վրա Վան քաղաքից։ Հիշյալ անապատում ևս Պողոսը հանգիստ չմնաց, այնտեղ նստած, լուռ ու մունջ գործում էր Խրիմյանի դեմ: Գևորգ Դ-րդը, Պողոսին Վանից հրավիրեց էջմիածին և եպիսկոպոս ձեռնադրելով, վերադարձրեց յուր տեղը... Աստիճանի բարձրության հետ՝ բարձրացավ և Պողոսի նշանակությունը, մանավանդ, երբ նա կրկին ձեռք բերեց Վանի առաջնորդությունը։ Այս անգամ, հենվելով թուրք պաշտոնակալների օգնության վրա, նա իր հին ոխակալությանը դեպի Խրիմյանը՝ հասցրեց մատնության, որի տխուր հետևանքն այն եղավ, որ Խրիմյանին Վանից աքսորեցին Կ. Պոլիս և նրա բոլոր կուսակիցներր հալածվեցան՚ ոմանք աքսորով, ոմանք տարագրվելով իրանց հայրենիքից։ Այնուհետև դատարկ ասպարեզը մնաց Պոզոսին: Եվ այսօր հին խռովարարը, երկար տարիներից հետո, դարձյալ տակնուվրա է անում Վանի հայ հասարակությունը, և Կ. Պոլսի այժմյան թրքամոլ Ազգային ժողովի վիճաբանությունների առարկա է դարձել