Ոսկանը մի առանձին ժպիտով լսում էր, թե ի՞նչ խաղ է խաղացել սև-խաչակիր տիկինը միամիտ պատանու հետ. գովեց Օհանի քաջությունը, որ ազատել է դժբախտ մանուկին, և Օհանի վիճակը թեթևացնելու համար հայտնեց, որ այդ մանուկը կլինի նրա բարեկամ բոլոր համայնքերի որդեգիրը։ Իսկ ինչ որ վերաբերում է Օհանի պարապմունքին, նա խորհուրդ տվեց՝ դարձյալ շարունակել յուր չոփչիությունը։
Վերջին խորհուրդը մերժեց Օհանը, ասելով.
— Ես իմ կթոցը ծովը նետեցի, ես երդվեցա երբեք իմ մեջքը չծռել աղբի ներքո: Ես մուրացկանություն կանեմ, բայց չոփչիություն չեմ անի։
Ոսկանը նկատելով պատանու համառությունը, մտածության մեջ ընկավ:
— Մի ամսից հետո,— ասաց նա,— մեր ընկերներից մեկը գնալու է, քեզ համար տեղ կբացվի, այն ժամանակ քեզ կընդունենք մաքսատուն համալների թվում։
Համալները թե խաներում (քարվանսարաներում) և թե այդ հիմնարկությունների մեջ կազմում են մի տեսակ ընկերություն, որոշ պայմաններով որոշ կազմակերպությամբ, ունին ընդհանուր դրամարկղ (կասսա), և յուրաքանչյուրը յուր աշխատանքը մտցնում է այնտեղ, հետո հավասար կերպով բաժանում են իրանց մեջ։ Հիվանդները կամ գործի մեջ վնասվածները, մինչև մի որոշյալ ժամանակ, դարձյալ անմասն չեն մնում ընկերության դրամարկղից:
Օհանը գոհ մնաց ծերունու խոստմունքով, բայց չգիտեր, թե ինչով ապրեր այդ մի ամիսը, մինչև յուր համար տեղ բացվեր: Նրա ունեցածը կողոպտեցին, երբ քնած էր Բոսֆորի ափի մոտ, այժմ մի փարա անգամ չուներ հացի տալու։ Այդ գիտեր Ոսկանը, Օհանը պատմեց նրան։
— Ես կտամ այժմ քեզ մի քանի ղուրուշ, որ ծախսելու փող ունենաս,— ասաց ծերունին։— Երբ կպրծնի, էլի կգաս ինձ մոտ: Համալների մեջ սովորություն էր օգնել իրանց հայրենակիցներին, մինչև նրանք պարապմունք գտնեին։
Օհանը շնորհակալությամբ ընդունեց յուր բարեկամի օգնությունը և հեռացավ մաքսատնից։ Օհանը գնում էր և միևնույն ժամանակ մտածում էր Ոսկանի բարեսրտության վրա։ Ո՜րքան խորին կրթողական տպավորություն է գործում օրինակը, լա՛վ օրինակը։ Նա լսել էր Ոսկանի անցյալը տեսնում էր նրա ներկան։ Այդ աշխատասեր մշակի կյանքի մեջ