գտնում էր գեղեցիկ, առաքինական խրատներ։ Դեռ շատերի հիշողության մեջ չէր մոռացվել նրա մի ազնիվ վարմունքը, որ պատահել էր մի քանի տարի առաջ։ Այդ ժամանակ Ոսկանը դեռ փողոցային համալ էր։ Մի պարոն, դուրս գալով շոգենավից, հանձնեց նրան յուր պայուսակը, պատվիրելով, որ հետևե իրան։ Ոսկանը խուռն բազմության մեջ կորցրեց պարոնին։ Որոնեց, որոնեց, չգտավ։ Գնաց այն պանդոկը, որտեղ ցույց էր տվել նա, այնտեղ ևս չգտավ։ Մի քանի շաբաթ, մի քանի ամիս որոնում էր նրան։ Վերջը բաց արավ պայուսակը, մտածելով, գուցե նրա մեջ կգտնվերեր մի առարկա — նրա անցագիրը կամ մի այլ թուղթ, որից կարելի կլիներ իմանալ, թե ով էր այդ պարոնը։ Պայուսակի մեջ գտավ պարոնի հագուստները, մի քանի թղթեր և մոտ հազար ոսկի փուտ փող։ Այդ ժամանակ Ոսկանը յուր հայրենիքում մի քանի հազար ղուրուշ պարտք ուներ, բայց պայուսակի ոսկիները չկարողացան հրապուրել նրան։ Ոսկանը տեղեկացավ, որ պարոնը ֆրանսիացի էր, վեր առավ պայուսակը և ուղղակի դիմեց ֆրանսիական դեսպանատուն։ Այնտեղ քննեցին թղթերը, տեսան, որ պայուսակը պատկանում էր նույն պարոնին, որ մի քանի ամիս առաջ, փողոցում խոլերայից բռնվելով, մեռել էր։
Ոսկանը ստացավ, իբրև պարգև, ոսկիների մի մասը, որ ամենևին չէր սպասում։
ԺԱ
Վերադառնալով Ոսկանի մոտից, Օհանը երեկոյան անցնում էր Կում-Կափու փողոցներից մեկի միջով։ Նա բավական հոգնած էր, մտավ մի բարբարի (սափրիչի) խանութ փոքր-ինչ հանգստանալու։ Նա այժմ գրպանում մի քանի ղուրուշ ուներ և այդ վստահությամբ ամեն տեղ կարող էր մտնել։
Շատախոս սափրիչը վանեցի էր, ամեն մի նոր հաճախորդին կրկնում էր միևնույն նորությունները, ինչ որ առաջինները հարյուր անգամ լսել էին։ Այդ դիտավորությամբ մոտեցավ Օհանին, ողջունեց, առողջությունը հարցրեց, կարծես վաղեմի բարեկամ լիներ, պատրաստվում էր պատմել կիրակնօրյա անցքերը, բայց Օհանը կտրեց նրա խոսքը, ասելով, որ նույն համալների թվումն է եղել և գիտե բոլորը։
Սափրիչի խանութները բոլոր տաճկական քաղաքներում, մանավանդ Կ. Պոլսում, մի տեսակ անկելանոցներ են անգործ, դատարկախոս