Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշակերտները, որոնց թիվը փոքր չէր։ Մի տեղ մազեր էին խուզում, մի տեղ ածիլում էին, մի տեղ լվանում էին մի փերեզակի տարիներով չլվացած գլուխը։ Իսկ այնտեղ, ընկողմանած մի տձև բազկաթոռի վրա, թառամած «էյվազը», յուր վաղանցուկ գեղեցկության հիշատակը նորոգելու համար, սափրվելուց հետո, փոքրիկ մանկաշով դուրս էր քաշել տալիս քթի միջի մազերը։

Մի անկյունում, հնոցի մեջ, ծխում էր մշտավառ կրակը։ Նրա վրա դրած էր տաք ջրով լի կաթսան, որ միշտ պատրաստ էր հաճախորդների կեղտը մաքրելու։ Այնտեղ և՛ ղահվե էին եփում, և՛ նարգիլեների գլխի վրա կրակ էին դնում։

Ամենուրեք զգացվում էր խիստ անախորժ գիջություն, ամենուրեք թաց էր։ Թաց էր խանութի մաշված, աղյուսյա հատակը, ուր չիբուխների և նարգիլեների վրա սրսկած սառը ջուրն անդադար կաթկթում էր։ Թաց էին հաստ դոշակներով պատած «սեդրիները», որ դրած էին պատերի մոտ, և որոնց վրա նստած էին հաճախորդները։ Թաց էր խանութի խեղդող օդը, որ տոգորված էր սապոնի կծու հոտով և ծխախոտի դառն մխով։ Թաց էին և սափրիչի շրթունքների շրջակայքը, որոնց վրա անհնազանդ թուքը խոսելու միջոցին անդադար անձրևում էր։

Աղմուկն անտանելի էր։ Ամենքը խոսում էին, հայտնի չէր, թե ո՛րն էր լսողը։ Մի տեղ երկու հոգի նստած, նարդի էին խաղում։ Մի քանիսը նրանց շուրջը հավաքված, եռանդով թելադրում էին, թե քարը որտեղ ավելի լավ է դնել։ Մի անկյունում կուչ էր եկած ժողովրդի երգիչը, ածում էր յուր «չոնգուրի» վրա և տխուր, մելամաղձոտ ձայնով եղանակում էր մի տաճկական երգ։ Նրան ոչ ոք չէր լսում։

Օհանը ձանձրացավ, պատրաստվում էր հեռանալ։ Այդ միջոցին հաճախորդներից մեկը, որ վաղուց նայում էր նրա վրա, մոտեցավ, նստեց նրա մոտ։ Անունը և երկիրը հարցնելուց հետո, այդ մարդը մի քանի րոպեում այն աստիճան մտերմացավ Օհանի հետ, որ առաջարկեց յուր հաշվով ղահվե խմել և ծխել։ Թեև Օհանը սովոր չէր ոչ առաջինին և ոչ երկրորդին, այնուամենայնիվ ընդունեց նրա հյուրասիրությունը։

Այդ մարդը նույնպես վանեցի էր։ Հնամաշ հագուստը, որի մաքրության համար խոզանակը մեծ ջանք էր գործ դրել, չէր ցույց տալիս, որ նա կարողության տեր լիներ։ Բայց երևում էր, որ վարկ ուներ։ Սափրիչի աշակերտներից մեկն իսկույն կատարեց պատվերը, մատուցանելով երկու ֆինջան ղահվե, երկու նարգիլե, և վերադառնալու