ժամանակ ածուխով չորս խաղ գծեց պատի վրա։ Պատերը չորեքկողմից նախշված էին այդ տեսակ խազերով, որ ներկայացնում էին յուրաքանչյուր հաճախորդի հաշիվը։
Այդ վանեցին սափրիչի հակապատկերն էր. ցամաք, նիհար, թույլ կազմվածքով, բայց բավական զորեղ ձայնով, և յուր խոսակցության մեջ ի դեպ և անդեպ միշտ գործ էր ածում «սահմանադրություն» բառը։ Նա իսկույն սկսեց Օհանի հետ քաղաքականության վրա խոսել, հետո նկատելով, որ այդ չէ հետաքրքրում Օհանին, անցավ ազգային խնդիրներին։
— Շատ անհամբեր եմ գիտենալ,— ասաց նա,— թե ի՞նչ վճռեց ազգային «սահմանադրությունը». այսօրվա թերթերը որոշ ոչինչ չեն հայտնում։
— Կամենում եք ասել՝ Երեսփոխանական ժողովը,— ուղղեց նրան մի պոլսեցի, որ նստած էր Օհանից փոքր-ինչ հեռու։— Նիստը հետաձգված է։
— Այո՛, ազգային «սահմանադրության» Երեսփոխանական ժողովը,— կրկնեց վանեցին, չկոտրելով իրան։— Նիստը հետաձգվա՞ծ է, մի՞թե, այդ վատ նշան է...
Օհանը ոչ ազգային սահմանադրություն գիտեր և ոչ Երեսփոխանական ժողով, նա ճանաչում էր յուր Հայրիկին միայն, և նրա մեջն էր գտնում ամեն արդարություն։
— Հայրիկը չի թողնի, որ այդ բեռը դնեն մեր վզին,— ասաց նա, և մի առանձին վստահությամբ ձեռքը տարավ դեպի յուր պարանոցը, շոշափեց ծոծրակը, տեսնելու, արդյոք մի որևէ ծանրություն չկա՞ր այնտեղ։
— Բայց մշեցիների «սահմանադրությունն» էլ վատ չէր,— ավելացրեց վանեցին, ակնարկելով կիրակնօրյա հուզմունքը։— Քաջերը լա՞վ գործ կատարեցին...
— Կատարյալ անկարգություն էր,— ընդհատեց պոլսեցին։
— Ինչպե՞ս կարելի է այդ տեսակ կոպիտ ճնշումներ գործ դնել ժողովի վրա։
Օհանի աչքերը վառվեցան։
Այդ միջոցին մոտեցավ սափրիչը և տեղեկանալով թե վիճաբանությունն ի՛նչումն է, հանեց յուր ծոցից մի քանի թերթ յուղոտված թուղթ և փողի ձևով գալարելով, ծայրը մոտեցրեց պոլսեցու քթին և մի առանձին պարծենկոտությամբ ասաց.
— Տե՛ս, այդ է ճնշումը... հազարի չափ ստորագրություն կա