այդ հանրագրի մեջ... ամենքը վանեցիներ են... էգուց պետք է տանք սրբազան պատրիարքին...
Պոլսեցին՝ յուր քիթը ազատելու համար հազար ստորագրությունների ճնշումից, երեսը շուռ տվեց։
Այդ մարդը թաղական վարժապետ էր։ Սափրիչի աշակերտները ոչ ոքի պատվերներ այնպես դանդաղկոտությամբ չէին կատարում, որպես այդ դժբախտի։ Եվ ոչ ոքի խազերը պատերի վրա այնքան ընդարձակ տեղ չէին բռնում, որպես այդ մուրացկանի։ Նրա հաշիվը միշտ մնում էր անջնջելի։
Նա յուր աշակերտի և՛ դաստիարակն էր, և՛ ծառան էր։ Առավոտից մինչև երեկո դաս էր տալիս, իսկ երեկոյան պետք է հարուստների որդիների «հեյբանները» (գրքերի պայուսակները) վեր առներ, հասցներ իրանց տները։ Ցեխ օրերում գրքերի հետ շալակում էր և՛ փոքրիկներին։
Օհանի մոտ նստած վանեցին, չհարցնելով անգամ հանրագրի բովանդակությունը, համակրությամբ դիմեց սափրիչին, ասելով:
— Այդ շատ լավ ես մտածել, Թաթոս ախպար, ինձ տուր, ես էլ ձեռք կդնեմ։
Թաթոս ախպարը,— այդպես էին կոչում սափրիչին,— հայտնի չէ, թե որտեղից գտավ գրիչ և գաղամար, մոտեցրեց յուր հայրենակցին։ Նա առավ գրիչը և խոշոր տառերով ստորագրեց. «վանեցի առաջին կարգի թելլալ Մարտիրոս աղա Իշխանապետյանց»։ Հետո մատը թաթախեց գաղամարի մեջ և կնիքի փոխարեն կոխեց թղթի վրա։
Թաթոս ախպարը բերանով երկար փչում էր թղթի վրա, որ չորացնե գրվածքը, որ կլանել էր այնքան մեծ քանակությամբ մելան։ Բայց նա ավելի թրջում էր, քան թե ցամաքացնում էր, որովհետև այդ դեպքում ևս անհնազանդ թուքն անձրևում էր թղթի վրա։ Թաղական վարժապետը խորհուրդ տվեց նրան, որ բռնե կրակի վրա։ Նա թերթը մոտեցրեց հնոցին. չորացնում էր և միևնույն ժամանակ շարունակում էր խոսել, թե ո՜րպիսի սարսափ պիտի ձգե Ազգային ժողովի վրա յուր բազմաստորագիր հանրագրությունը և ո՜րպիսի աղմուկ պիտի բարձրացնե... Այդ միջոցին չնկատեց նա, որ սպիտակ թերթը կրակի ազդեցությունից շագանակի գույն ստացավ և սկսեց մխալ։
— Այրվեցա՜վ,., այրեցա՜վ...— կոչեց հնոցի մոտ կանգնած աշակերտը։