— Ոչինչ, այդպես էլ լավ է,— ասաց նա և անվրդով կերպով ծալեց թերթը, թաքցրեց յուր ծոցում։
Նա կրկին մոտեցավ առաջիններին։
— Այսօրվա թերթերում տպված է, որ այդ հանրագրությունն արդեն մատուցված է,— հայտնեց թաղական վարժապետը։
— Տպվա՞ծ է... մի՞թե...— ուրախությամբ հարցրեց Թաթոս ախպարը։
Վարժապետը հանեց գրպանից «Մասիսի» համարը և ճառական եղանակով կարդաց.
«Հաստատ աղբյուրներե կտեղեկանանք, քաղաքիս մեջ գտնվող վանեցի պանդուխտներե քանի հազար ստորագրությամբ հանրագրություն մը ներկայացուցված է սրբազան պատրիարքին ի տնօրինություն. հակված ենք ըղձալ, խառնիճաղանջի մը այսօրինակ ձեռնմխություն հանուր ազգային օրինաց և իրավանց չարաչար զեղծում մը նկատվելեն զկնի, հիշյալ հանրագրություն, յուր բոլոր պարագայուք հանդերձ, ուշադրության չառնվիր և հետևապես գերապատիվ Պողոս վարդապետի պես ազգասեր և պիտանի անձի մը արադարացի իրավանց պաշտպանության հույսեն զմեզ իսպառ ձեռնաթափ չենք սեպեր»։
Սափրիչը, որ ուշադրությամբ լսում էր, փոխանակ բարկանալու, որ այդ լուրի մեջ պաշտպանվում էր իրանց ատելի անձնավորությունը, ընդհակառակն ավելի ուրախացավ, կարծելով թե լուրը ի նպաստ իրանց է հաղորդված։
— Այդ մեկը լավ է գրել,— ասաց նա յուր խուզած ընչացքները հաղթական ոգևորությամբ ոլորելով,— այդ մեկը լավ է արել, որ մտցրել է՝ «հանուր ազգային օրինաց և իրավանց»... կը նշանակե, իրավունքը մերն է։
— Այդ մյուսները ևս վատ չէ գրել,— նկատեց առաջին կարգի «թելլալը», թերթն առնելով թաղական վարժապետի ձեռքից և կարդալով այս բառերը․ «յուր բոլոր պարագայուք հանդերձ»... «մի քանի հազար ստորագրությամբ»...
Թաղական վարժապետը ոչինչ չխոսեց. միայն նրա վշտահար դեմքը փոքր-ինչ ցնցվեցավ և երևան հանեց ժպիտի նման մի բան։
Օհանը այսքանը միայն նկատեց, թե ինչպես է պատահել, որ դեռ հանրագրությունը չներկայացրած, նրա մասին արդեն գրել են, որ մատուցվել է սրբազան պատրիարքին։
— Այդ ոչինչ, մեր լրագրները միշտ կատարված իրողությունից