Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որտեղ արբեցած մարդը յուր սերը և համակրությունն արտահայտում է կոպիտ հայհոյանքներով, և որտեղ ծխախոտի մառախուղի մեջ խեղդվել կարելի է։

Երկարաքիթ մարդը, որին ներկայացրեց Իշխանապետյանցը, հենց առաջին անգամից դուր չեկավ Օհանին, թեև նրա մինչև արմունկները ծալած բազուկների վրա երևում էին Երուսաղեմի ուխտավորի մուգ-կապտագույն նշաններ։ Այդ էր պատճառը, որ նրան կոչում էին «Հաջի աղա», որ մեր կողմերի ասությամբ նշանակում է՝ մահտեսի կամ մուղդուսի աղա։ Դա գինետուն պահող վանեցին էր։

Իշխանապետյանցը հարկավոր պատվերները տալուց հետո, Օհանի հետ անցան բազմության միջից և հազիվ մի անկյունում նստելու տեղ գտան։

Խմողների աղաղակները խլացնում էին ամեն խոսակցություն։ Եվ չնայելով որ դրսում դեռ արեգակ կար, բայց այստեղ ճրագներն արդեն վառել էին։ Նկուղի ծանր, հեղձուցիչ օդը խեղդում էր ճրագների թե լույսը և թե շնչառությունը։ Իսկ բորբոսային խոնավությունը դրել էր պատերի վրա յուր մուգ-կանաչագույն խավը, որ թառամած մամուռի նմանություն ուներ։

Շփոթված սպասավորները չգիտեին՝ ո՛ր կանչողին դիմեն։ Ամեն կողմից կանչում էին նրանց։ Այսուամենայնիվ քառորդ ժամից հետո նրանցից մեկը դրեց սեղանի վրա մի շիշ ըմպելի, մի շիշ ջուր և երկու փոքրիկ բաժակ։ Մի այնքան ժամանակ ևս անցավ, մինչև բերեց նա զանազան սառն ճաշելիքներ, որ բաղկացած էին ձկնեղեններից և չոր ապուխտից։

Իշխանապետյանցը կիսատ-կիսատ լցրեց բաժակները, մեկը դրեց Օհանի առջև, մյուսը յուր առջև։

— Եթե խմելու շատ սովոր չես, մի փոքր ջուր խառնիր.— ասաց նա։— Դրան «մաստիքա[1]» կասեն, շատ պատվական խմիչք է։

Հետո բժշկական կետից ևս բացատրելով պատվական խմիչքի» նշանակությունը, շարունակեց նա.

— Արյունը մաքրում է, մաղձը ոչնչացնում է, աչքի լույսի և հիշողության համար էլ լավ է, սիրտը միշտ զվարթ է պահում, ջղերին ուժ է տալիս և հազի համար էլ լավ է։

  1. Մաստիքան հասարակ օղի է, միայն մաստաֆի կոչված հոտավետ խեժով պատրաստված։ Այդ վնասակար ըմպելին սաստիկ գործածական է դարձել Տաճկաստանի թե՛ քրիստոնյաների և թե մահմեդականների մեջ: