Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օհանն անվարժ ձեռքով վեր առավ շիշը և յուր բաժակի կիսատ մնացած մասը լցրեց ջրով։ Նա զարմացավ, երբ տեսավ, որ բոլորովին պարզ հեղուկը կաթնի գույն ստացավ։ Սկսեց երեխայի նման ծիծաղել։

— Փորացավի համար էլ լավ է,— ավելացրեց Իշխանապետյանցը։

Բայց Օհանն այնքան առողջ էր, որ ոչ փորացավ ուներ և ոչ մի այլ հիվանդություն։ Նա միայն հետաքրքրվեցավ այդ զարմանալի ըմպելիքով, որի մոտ «Մասիսի» հայտարարությունների մեջ շարունակ քսան տարի տպվող, ամեն ցավի դեղ ու դարման հոյուեի դեղահատերը պիտի կորցնեին իրանց հրաշագործ նշանակությունը։ Նա բաժակը բարձրացրեց, նախ հոտ քաշեց։ Թունդ հոտը ծակոտեց նրա հոտոտելիքը։ Բայց ուշադրություն չդարձրեց, աչքերը խփեց և երեսը խոժոռելով մինչև վերջին կաթիլը դատարկեց։

— Դա՜ռն է... շա՜տ դառն է,— բացականչեց Օհանը և մի քանի րոպե չէր կարողանում աչքերը բաց անել։ Նրան այնպես էր թվում, որ բերանը կրակով այրեցին։

Իշխանապետյանցը, որ արդեն ձեռքում պատրաստ ուներ մի կտոր ապուխտ, շտապով տվեց նրան, ասելով.

— Ծամի՛ր, դառնությունը կանցնի։

Ըմպելիքի սաստկությունից Օհանի աչքերը լցվեցան արտասուքով։ Նա ապուխտը ծամում էր, բայց դառնությունը չէր անցնում։

— Առաջին անգամին այդպես է լինում,— նկատեց Իշխանապետյանցը,— երբ կսովորես, մեղրի պես քաղցր կլինի։ Առաջ իմ բերանն էլ այրում էր, բայց հիմա ոչինչ չեմ զգում։ Եթե ամեն օր չմտնեմ այստեղ և մի քանի բաժակ չխմեմ, ինձ այնպես կը թվի, որ այն օրն ինձ համար խավար է։ Բայց երբ խմում եմ, կարծես ամբողջ օրն ուրախության ծովի մեջ լողում եմ։

Օհանը ոչինչ չպատասխանեց, նա շարունակում էր ծամել ապուխտի մնացած մասը։ Իշխանապետյանցն առաջարկեց նրան մի պարարտ, կարմիր խեցգետին։ Օհանը զզվանքով հրաժարվեցավ։

— Ես այդ բանը չեմ ուտի,— ասաց նա։

— Ինչու՞, շատ լավ համ ունի,— աշխատում էր համոզել Իշխանապետյանցը։

— Մեր կողմերում չեն ուտում։