Օհանի վրա, նայեց վանեցու երեսին և հարցական կերպով գլուխը շարժելով, անցավ։ Վանեցին պատասխանեց նրան նույն շարժումներով։ Օհանը չնկատեց երկու հայրենակիցների լուռ նշանախոսությունը։
Օհանը երրորդ, չորրորդ և հինգերորդ բաժակը դատարկեց ավելի ախորժակով։ Այժմ նա ուրախ էր, խոսում էր, ծիծաղում էր, և նրա շառագունած դեմքը փայլում էր մի առանձին զվարթությամբ։ Նա մինչև անգամ փորձեց ուտելու խեցգետինը, որից սկզբում զզվանքով հրաժարվեցավ։
Այդ միջոցին Իշխանապետյանցը հարցրեց նրանից․
— Ինչո՛վ ես պարապում։
— Մինչև այս օրերը չոփչիություն էի անում,— պատասխանեց Օհանը,— այժմ անգործ եմ։
Օհանի պատասխանը կամ սաստիկ զարմացք պատճառեց վանեցուն, կամ նա իրան զարմացած ձևացնելով, տեղից վեր թռավ, աչքերը զլեց և ուղիղ նայելով Օհանի երեսին, բացականչեց.
— Տե՜ր աստված... չոփչիությո՞ւն... ամոթ չէ՞․․․ քեզ նման տղան չսփչիությո՞ւն կանե...
— Ապա ի՞նչ պիտի անեի,— հարցրեց Օհանը։
Վանեցին նստեց, ասելով.
— Եթե ես քո հասակը, քո մանկությունը և քո շնորհքն ունենայի, ամսական տասը ոսկուն փող չէի ասի։
— Տասը ոսկի՜,— ծիծաղելով կրկնեց Օհանը,— ո՞վ կտա ինձ տասը ոսկի։
— Տասնուհինգ էլ կուտան,— պնդեց վանեցին համոզիչ ձայնով։— Նայի՛ր այն պատանուն, որ այնտեղ այն մարդկանց հետ նստած է, նա տասնից ավելի է ստանում։ Տե՛ս, ինչպե՞ս լավ է հագնված։ Փաշաների որդիներն անգամ այդպես չեն հագնվում։ Տե՛ս նրա մատանին, նրա ժամացույցի ոսկի շղթան, գիտե՞ս որքան արժեք ունեն։ Այդ պատանին երբ նոր եկավ Վանից, բոբիկ ոտներով էր ման գալիս, հագին շապիկ չուներ, հիմա ինքն իրան չէ ճանաչում։
Օհանը նայեց դեպի այն կողմը, տեսավ պատանուն, որ յուր վրա էր դարձրել բոլորի ուշադրությունը և նստած էր մի սեղանի մոտ, որի վրա դրած էին ամենանուրբ ըմպելիքներ և ամենաթանկագին ճաշելիքներ։ Նա զարմանալով հարցրեց.
— Ի՞նչ գործ է կատարում։