Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողքերը կջարդեի,— ավելացրեց նա, սպառնական հայացք ձգելով վանեցի պատանու երեսին։

Թելլալը, որ ամենևին չէր սպասում Օհանից այս աստիճան դյուրագրգռություն, բռնեց նրան, աղաչելով.

— Նա հանաք արեց, ինչո՞ւ ես այդպես բարկանում. նա լավ տղա է, լավ սիրտ ունի, իզուր ես այդպես բարկանում։

Այդ խոսքերով հազիվ կարողացավ Օհանին յուր տեղը նստացնել, որ բարկությունից ամբողջ մարմնով դողում էր։

Վանեցի պատանին իրան շատ անախորժ դրության մեջ մտավ. նա ամաչում էր հեռանալ առանց բացատրություն պահանջելու կոպիտ մշեցուց և միևնույն ժամանակ վախենում էր կրկին խոսացնել նրան։ Թելլալն ազատեց նրան այդ դրությունից, բռնեց ձեռքիցը, տարավ յուր ընկերների մոտ և այնտեղ մի քանի բաժակ վրա-վրա դատարկելուց հետո, կրկին վերադարձավ Օհանի մոտ․

— Իզուր բարկացար,— դարձյալ աշխատում էր հանգստացնել Օհանին.— նա շատ օրինավոր տղա է. ձեռքը բաց, սիրտը բաց, գլուխն ուզելու լինես, չի խնայի, փողն ու հողը նրա մոտ մեկ գին ունեն։ Ես գիտեմ, որ այնտեղ նստողների բոլոր ծախքը ինքը կվճարե։ Նա միայն ցանկանում էր հյուրասիրել քեզ և ավելի ոչինչ։

— Բայց մի կտոր հաց տալու համար մարդկանց չեն վիրավորում,— ասաց Օհանը։— Նա պետք է գիտենա, թե ինքն ի՛նչ է և ո՛ւմ հետ է խոսում։ Իմ հայրը շատ այդպիսի ծառաներ է ունեցել...

Նրա սրտում բացվեցան հին վերքերը, մտաբերեց հայրենական տունը, լի ծառաներով և լի մշակներով, մտաբերեց, ամեն առավոտ որքան կանայք այդ տան թոնրում հաց էին թխում, և ո՛րքան մարդիկ կերակրվում էին այդ հացով, մտաբերեց անասունների բազմությունը, որ ամեն առավոտ քշում էին յուր հոր փարախներից դեպի արոտ, յուղն ու կաթը, թանն ու մածունը ջրի նման հոսում էր, և հարյուրավոր աղքատներ կերակրվում էին այդ տան բարիքներով... Բոլո՜րը կորավ, բոլո՜րն անհետացավ, և դժբախտ ընտանիքի դժբախտ որդու սրտում մնացին դառն հիշողություններ միայն... Նա ձեռքը տարավ դեպի ճակատը, արմունկը նեցուկ տվեց սեղանին, գլուխը խոնարհեցրեց, և երկար գտնվում էր մի տեսակ տխուր ինքնամոռացության մեջ։