Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ տեղ ևս քեզ համար ի նկատի ունեմ։ Երդվում եմ բոլոր սրբերի անունով, որ մի կամ երկու ամիս չի անցնի, դու այնքան կը բարձրանաս, որ այդ տղան, որ մի քանի րոպե առաջ վիրավորեց քեզ, համարձակություն չի ունենա քո մոտ բերանը բաց անելու։

— Ի՞նչ տեղ,— հարցրեց Օհանը, գլուխը վեր բարձրացնելով։

— Մի ամենափառավոր տեղ, մի ամենահարուստ փաշայի տանը...

— Եթե աշխարհի բոլոր հարստությունն ինձ տալու լինեն, դարձյալ ես թուրքի տան սպասավոր չեմ դառնա,— նրա խոսքը կտրեց Օհանը։

Թելլալը՝ յուր բոլոր համոզական քարոզներից հետո չէր սպասում մի այսպիսի պատասխան մշեցի «չոփչիի» կողմից, որին բոլորովին միամիտ էր կարծում։ Բայց նա չգիտեր, որ այդ անփորձ մշեցին, յուր բոլոր պարզությամբ հանդերձ, ուներ մի մաքուր և արթուն զգացմունք, որ խորշիլ գիտեր այն ամեն բանից, ինչ որ անվայել է, ինչ որ արատավորել կարող էր նրա ինքնասիրությանը։

Օհանն այս անգամ յուր ձեռքով ածեց յուր բաժակը և խմելուց հետո հարցրեց.

— Ես չեմ հասկանում, այստեղ ի՞նչ մի գաղտնիք կա, որ թուրք փաշաները հայ սպասավոր ունենալու համար լավ ամսականներ են տալիս։

— Միայն հայերի հավատարմության համար, ուրիշ ոչ մի գաղտնիք չկա,— պատասխանեց թելլալը, պատվիրելով, որ մի նոր շիշ ևս բերեն, որովհետև առաջինն արդեն սպառվել էր։— Ա՛յ, ասեմ քեզ. դու գիտես, որ փաշաները կանանոց ունեն, այնտեղ ամեն մարդու ներս չեն թողնում, բայց հայերի վրա մեծ վստահություն ունեն, փորձով համոզվել են, որ հայերն իրանց տերերին անհավատարմություն չեն անի։ Այդ է պատճառը, որ այս քաղաքի բոլոր «էյվազները»[1] հայեր են, մանավանդ վանեցի հայեր։

— Լա՛վ. այդ լիրբը,— նա ձեռքը տարավ դեպի իրան վշտացնող պատանին,— որ այնտեղ մի խումբ սրիկաներով շրջապատված քեֆ է անում, ինչո՞վ է լավ թուրքից։ Չէ՞ որ նա էլ էյվազ է և վանեցի...

  1. Էյվազ կոչվում են նշանավոր տների պատվավոր սպասավորները: Նրանց թիվը յուրաքանչյուր տան մեջ մեկից ավելի չէ լինում: