— Ես քեզ ասեցի, որ նա այնքան էլ վատ տղա չէ, որպես դա կարծում ես։
Ծառան դրեց սեղանի վրա երկրորդ շիշը. բայց Օհանը վեր կացավ և պատրաստվում էր դուրս գալ։ Նա արդեն զգում էր, որ այդ մռայլ, ամեն ստահակներով լի նկուղը յուր տեղը չէ։
— Նստի՛ր, այդ շիշն էլ խմենք, հետո կգնանք,— թախանձում էր թեյլալը։
— Չեմ կարող, գլուխս պտտվում է...
— Նստի՛ր, մի քանի րոպե ևս... հիմա կսկսեն ածել, երգել...
— Ասում եմ, որ գլուխս պտտվում է...
Օհանը դողդոջուն քայլերով դիմեց նկուղի դուռը։ Առաջին անգամն էր, որ նրա ամուր ոտներն իրան չէին խոնարհվում...
Թելլալը նույնպես դուրս եկավ նրա հետևից։
ԺԳ
Համարյա մեկ տարի անցել էր այդ օրից։
Ուրբաթ էր,— մահմեդականների հանգստի և զվարճության օրը։ Բայց այս առավոտ Բոսֆորի ափերի մոտ կանգնած ծովեզրյա ապարանքներից մեկը չէր ներկայացնում այն սովորական ցնծություններով լի զվարթությունը, որ հատուկ է տոն օրերին։ Ամբողջ ամրոցի մեջ տիրում էր մի տեսակ վհատիչ լռություն խորին անշարժության հետ, որ այնպիսի տպավորություն էր գործում, կարծես այդ սքանչելի կերտվածքը յուր փառահեղության մեջ հոգնել էր, ձանձրացել էր միշտ ուրախ լինելուց։
Արեգակը վաղուց արդեն սկսել էր շողշողալ ապարանքի մինարեթների կապտագույն մոդայիկների վրա, բայց դեռ ոչ ոք չէր երևում, ոչ ոք չէր շարժվում։ Այնպես էր թվում, որ այդ կախարդված շինվածքը յուր բոլոր բնակիչներով պղնձացած լիներ։ Կանանոցի բակում աննպատակ կերպով շրջում էին երկու սիրամարգներ միայն և իրանց երկար ագիները քարշ տալով, ավելում էին մարմարյա սալահատակը։ Երբեմն յուր նախշուն, գունավոր զգեստով հայտնվում էր սև խափշիկը, լուռ մոտենում էր այս ու այն փակված դռանը, ինքն իրան հարց տալովով՝ «արդյոք չե՞ն կանչում ինձ...»։
Արույրյա, կանաչագույն վանդակապատը բաժանում էր գեղեցիկ պարտեզը կանանոցի բակից։ Այստեղ աշնան սկզբում ծաղկում