Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարմրել էր։— Կրակի տաքությունիցն է,— պատասխանեց նա համեստությամբ։

— Դրանից հետո ես շատ փայտ կբերեմ, որ վառես, տաքանաս ու միշտ էդպես սիրուն դառնաս...— վրա բերեց պատանին ուրախությամբ։

— Էհ... թա՛ք մերս լավանա, ես ուրիշ բան չեմ ուզում։

Այդպես պատանին և պատանեկուհին, նստած վառարանի մոտ, երկար խոսում էին և զվարճանում, երբ գիշերն աննկատելի կերպով անցնում էր։ Մինչև աքաղաղը երեք անգամ թևքերը թափ տվեց, երգելով յուր սովորական երգը։ Նիկոլը, տեսնելով որ Մարիամը նիրհում էր, ինքն էլ գնաց իրանց տուն քնելու։

Դ

Մյուս օրը եղանակը շատ մեղմ էր: Գիշերվա մրրիկը դադարել էր և արևի շողքերն ուրախ ժպիտով խաղում էին նորեկ ձյունի խաչաձև բրլիանտների վրա։

Վաղ առավոտյան լվացարար Կեկելն եկավ Օվանեսենց տուն, Հեթևանի առողջությունը հարցրուց, ուրախացավ, որ հիվանդն այն գիշեր հանգիստ էր քնած, և Մարիամին ասաց, որ դա բաղնիքները լվացք տանե։

— Էս սհաթին կգամ, թող կրակը վառեմ, տունն ավլեմ, կգամ,— պատասխանեց Մարիամը, շտապելով իրանց տնակի առավոտյան հոգսերը հոգալու։

Գնալով Կեկելի տուն, օրիորդը տեսավ, որ Նիկոլը դեռ նոր յուր զամբյուղն առած փողոց էր գնում։ Տեսնելով Մարիամին, պատանին լռությամբ ակնարկեց յուր զամբյուղի վրա, կամենալով դրանով հիշեցնել գիշերվա անցքը։ Բայց Մարիամը ոչինչ չպատասխանեց նրան, տեսնելով, որ պատանու մայրն այնտեղ կանգնած էր։

Նիկոլը հեռացավ։ Կես ժամից հետո Մարիամը շալակեց մի մեծ կապոց լվացք և սկսավ դիմել դեպի բաղնիքների կողմը։

Սանդրոն նույնպես վաղուց պատրաստվել, ուզում էր յուր վարպետի խանութը գնալ։ Նրան մնացել էր միայն յուր կոշիկների հոգսը, նա մտածում էր, թե ի՛նչ հնարք բանեցնե, որ մատները նրանց ծակերից դուրս չպրծնեն։ Մանավանդ որ մի ոտքը վիրավորված էր: