Այժմ Օհանն այդ փառավոր ապարանքի «էյվազն»— սենեկապանն էր։
Երկու առավելություններ նպաստեցին նրան այդ պաշտոնին հասնել. առաջինը՝ յուր վայելչակազմ հասակը, որ անհրաժեշտ պայմաններից մեկն էր մի մեծ իշխանական տան ծառայության համար, երկրորդը՝ յուր հայ լինելը, որ հավատարմության մի հաստատ դրավական էր թուրք ընտանիքի մեջ մտնելու համար:
Ծերունի փաշան սիրում էր յուր ընտանեկան կյանքում շրջապատել իրան գեղեցիկ առարկաներով։ Դրանցից մեկը նրա սենեկապանն էր։ Իսկ հայ սենեկապանը Պոլսում ընդհանուր վստահություն է վայելում։ ՝Նրան հավատում են ամեն բան, մինչև անգամ կանանոցը։
Իսկ Օհանը յուր ազնիվ բնավորությամբ ավելի սիրելի դարձավ ծերունի փաշային, որ նրան յուր զավակներից չէր բաժանում և ամեն ինչ հանձնել էր նրա ձեռքը։
Մտնելով այդ ծառայության մեջ, Օհանը յուր հայրենակից Ոսկանի աչքին այլևս չերևաց։ Սկզբում մի անգամ միայն տեսավ նրան, և երբ յուր նպատակը հայտնեց, սաստիկ հանդիմանություն ստացավ։ Ոսկանն ատում էր այդ ծառայությունը, ասում էր տղամարդի գործ չէ։ Մշեցին, նրա կարծիքով, կամ պետք է համալ լիներ, կամ հրդեհաշեջ և կամ նավաստի։
Օհանն ինքը ևս զգում էր այդ և յուր վիճակից բոլորովին գոհ չէր՝ Նա զգում էր, որ յուր տեղումը չէ։ Բայց մի անգամ ընկղմվելով մահմեդական ընտանիքի խորության մեջ, այլևս դուրս գալ չէր կարողանում։
Ծերունի փաշայի ընտանիքը շատ մեծ չէր։ Նա ուներ մի քանի կանայք, բայց փոքր թվով զավակներ։ Նրանց մեջ բոլորից չափահասը մեծ աղջիկն էր, որ այդ ապարանքումն էր բնակվում։
Մի ամիս հազիվ կլիներ, որ փաշան վերադարձել էր Եգիպտոսից, ուր նա գնացած էր մի շատ կարևոր պետական պաշտոնով։ Քաղաքում ուներ նա մի քանի տներ, բայց վերադառնալուց հետո, ընտրեց այդ ապարանքը՝ Բոսֆորի ափերի աշնանային գեղեցկությունը վայելելու համար։
Օրը ուրբաթ լինելով, փաշան չէր գնացել Բարձր Դուռը։ Վաղ առավոտյան դուրս եկավ նա, մեչիդ պիտի գնար, իսկ այնտեղից՝ մի բարեկամի մոտ ճաշելու։ Այդ էր պատճառը, որ Օհանն այսօր ազատ էր։
Պարտեզում երկար, զբոսնելուց հետո Օհանը ձանձրացավ,