գնաց նստեց մարմարյա շատրվանի մոտ, որ հովանավորված էր մշտականաչ ծառերով։ Ջուրը դուրս էր ցայտում կիսամերկ հյուրի բերանից և մարգարտյա կաթիլներով ցողվում էր ավազանի մեջ։
Օհանը մի առանձին հրճվանքով նայում էր ավազանի մեջ, որի պարզ ու վճիտ հայելին երբեմն թրթռում էր, երբ ոսկեգույն և արծաթագույն ձկնիկները հանկարծ հայտնվում էին մակերևույթի վրա, զանազան զվարճալի պտույտներ էին գործում և կրկին անհայտանում էին։ Նա պահանջեց պարտիզպանից մի կտոր հաց, մանրեց և փշրանքներն սկսեց փոքր առ փոքր ձգել ավազանի մեջ: Ձկնիկներն ավելի ուրախացան, սկսեցին շուտ-շուտ հայտնվել ջրի երեսին Չարաճճիները խլում էին հացի բեկորները և իսկույն խորասուզվում էին դեպի հատակը։ Այդ Օհանին մեծ զվարճություն էր պատճառում։
Այդ խաղով զբաղված էր Օհանը և ամենևին չէր նկատում, որ մի նազելի կին հայտնվեցավ հակառակ ճեմելիքի ծայրում և տեսնելով նրան շատրվանի մոտ նստած, կամաց-կամաց մոտեցավ, կանգնեց նրա հետևում։ Մի քանի րոպե մանկահասակ կինը խորին տարփանքով նայում էր պատանու վրա, մինչև նա զգաց, որ երկու փափուկ ձեռքեր դրվեցան յուր ուսերի վրա և լսեց այս խոսքերը.
— Այդ ի՞նչ ես անում... երեխայությունդ մի՛տդ ես բերել...
Օհանը ետ նայեց և իսկույն կարմրելով ոտքի ելավ։
— Ա՜խ, տիկին, դո՜ւք եք...— ձայն տվեց նա և մնաց շփոթված։
Տիկինը նստեց նույն տեղում, որտեղ նստած էր Օհանը։ Վաղորդյան զովությունը նրա պայծառ դեմքին մի առանձին զվարթություն էր բաշխել։ Կրծքի վրա խրած ուներ մի խոշոր մուգ դեղնագույն թեյի վարդ։
Օհանը դեռ կանգնած ոտքի վրա՝ և՛ սպասավորի խոնարհությամբ և՛ մի այլ զգացմունքով, որ նրան անհասկանալի էր։
— Նստի՛ր,— ասաց նրան տիկինը, ցույց տալով մերձակա նստարանը։
Օհանը չհամարձակվեցավ նստել։
— Այդպես էլ լավ է, տիկին,— պատասխանեց նա և մնաց ոտքի վրա։
Տիկինը փաշայի վերջին կանանցից մեկն էր, որի հետ պսակված էր արդեն խորին ծերության հասակում։ Այդպիսի դեռահաս