Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրակով լի կանանց արևելքում ծերունիները գործ են ածում որպես ջերմություն` իրանք սառած ոսկորները տաքացնելու համար:

Նա վեր առավ հացի մնացած պատառը, սկսեց ինքը ևս Օհանի նման մանրել և ձգել ավազանի մեջ։

— Դուք ինձ ծաղրում էիք, տիկին,— ժպտելով նկատեց Օհանը։

— Ես ուզում եմ իմ բախտը փորձել,— ասաց նա և շարունակեց ձգել փշրանքները։

— Ինչպե՞ս փորձել— հարցրեց Օհանը:

— Սպասիր, հիմա կտեսնես...

Նա փոքր առ փոքր ձգում էր փշրանքները, երբեմն հայտնվում արծաթագույն և երկու ոսկեգույն, երբեմն մի քանի ոսկեգույն միասին, իսկ երբեմն մի արծաթագույն առանձին։ Այդ հաշիվները պահում էր նա մատների վրա, և հետզհետե նրա սիրուն դեմքն ավելի ուրախ արտահայտություն էր ստանում։

Երբ վերջացրեց, հացի պատառը տվեց Օհանին, ասելով...

— Հիմա դու փորձիր...

Այդ միջոցին Օհանը, մոռանալով իրան, նստեց տիկնոջ մոտ։

— Ես ոչինչ չեմ հասկանում,— ասաց նա երեխայական պարզամտությամբ,— ինչպե՞ս փորձեմ։

— Ես հասկանում եմ... Դու միայն փշրանքները ձգիր և սպասիր... Երբ ձկները դուրս կգան, կխլեն և կանհայտանան, նորից ձգիր... Ես հաշիվը կպահեմ...

Օհանը, ստացած հրահանգների համեմատ, սկսեց նետել փշրանքները։ Տիկինը լուռ նայում էր ավագանի մեջ և ամեն անգամ, երբ ձկները հայտնվում էին, ձեռքի գեղեցիկ մատներից մի քանիսը կամ խփում էր և կամ բաց անում։ Երբ Օհանը տակավին շարունակում էր, նա ձայն տվեց.

— Բավական է...

Օհանը, յուր գործողությամբ սաստիկ ուրախացած, դարձավ դեպի տիկինը, հարցնելով.

— Հիմա բացատրեցեք, լա՞վ դուրս եկավ, թե վա՞տ։

— Չեմ ասի,— պատասխանեց տիկինը և միևնույն ժամանակ նրա խոշոր աչքերում փայլեց մի կրակ, որ նման էր ըղձալի հույսի աղոտ նշույլներին։

— Դուք խոստացաք ասել,— խնդրում էր պատանին թախանձելով և ամեննին չէր զգում, թե ինքն ո՛ւմ մոտ էր նստած և ո՛ւմ