Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գուցե տիկինը մի բան կասեր, եթե այդ միջոցին բակի փոքրիկ շունը սաստիկ աղմուկ չբարձրացներ, որ նրանց ուշադրությունը դարձրեց դեպի այն կողմը։

Օհանը վեր կացավ։

Պարտեզից նկատեցին, որ կանանոցի սենյակներից դուրս եկավ մի կին, և նրա հետևից` մի մարդ, որ շալակին կրած ուներ մի ահագին արկղ:

— Այդ այն փերեզակ կինն է,— ասաց Օհանը։

— Այո՛, նա է,— ասաց տիկինը։

— Օրիորդ Զահրայի սենյակից է դուրս գալիս։

— Ո՛րքան շատ բաներ է գնում Զահրան— ասաց տիկինը մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և՛ զարմացք, և՛ հեգնություն։— Ամիս չէ անցնում, որ այդ կինը մի քանի անգամ նրա մոտ չմտներ։

Օհանը ոչինչ չպատասխանեց։

— Կանչի՛ր նրան այստեղ,— հրամայեց տիկինը:

Մարդ տեսածին պես մահմեդական տիկինները կմտնեն իրանց բարձր դերի մեջ, իսկ մարդ չեղած ժամանակ սպասավորների հետ ամեն տեսակ հանաքներ կանեն։ Օհանը վազեց նրան կանչելու։

Նրա հեռանալուց հետո մանկահասակ տիկնոջ դեմքը մռայլվեցավ։ «Ե՛վ լա՜վ, և վա՜տ... այդ ի՞նչ է նշանակում... Ես ձգելու միջոցին լավ եկավ... իսկ նրա ձգելու միջոցին` վատ...»։ Նա մտաբերեց ավազանի մեջ կատարված բախտահմայությունը։

Փերեզակ կինը Օհանի առաջնորդությամբ մտավ պարտեզ: Դեռ չհասած, հեռվից սկսեց խոսել.

— Փա՜ռք աստուծո, Ֆաթիմա խաթունն էլ բարեհաճում է աղքատ մանրավաճառից մի բան գնել... Ինչպե՞ս եք, նազելի տիկին, լա՞վ եք, առո՜ղջ եք... Գոհություն աստուծո, որ ձեզ լավ եմ տեսնում... Տացե աստված, որ միշտ այդպես ուրախ և բախտավոր լինեք... Մենք էլ ձեզանով ենք ապրում... Երբ ձեր սիրտն ուրախ է, մի բան կգնեք, մեզ էլ կուրախացնեք... Տխուրներից սատանան էլ է փախչում...

Շատախոս մանրավաճառը յուր օրհնությունների, ողջագուրանքի հեղեղը անտարակույս, դեռևս երկար պիտի շարունակեր, եթե տիկինը նրան չկանգնեցներ, ասելով.

— Բե՛ր տեսնենք, ի՞նչ ունես։