— Դա էլ նույն ձևը կստանա, նազելի տիկին։ Զարմանում եմ, որ դուք չգիտեք, որ ֆերուզան աճում է, կաճի և նույն ձևը կստանա։
Տիկինն առաջինն անգամն էր լսում այդ։ Նա յուր ֆերուզան տասն տարուց ավել կրում էր մատին, բայց աճելության ամենափոքր նշույլ անգամ նրա մեջ չէր նկատել։ Ոչ սակավ զարմացավ և Օհանը, որ թույլ ավեց իրան այս նկատողությունն անելու,
— Քարն ինչպե՞ս կարող է աճել։
— Կարող է աճել, գեղեցիկ պատանի,— պատասխանեց նա ժպտելով։— Մարջանն (կորալ) էլ քար է, ապա ինչպե՞ս է աճում։ Ծովի միջումը աճում է և ծառ է դառնում։
Օհանի հասկացողությունը թանկագին քարերի վերաբերությամբ շատ հեռու չէր գնում, որ ցույց տար նրան մարջանի և ֆերուզայի մեծ զանազանությունը։ Նա լռեց։ Բայց նրա ուշադրությունը գրավեց մի այլ բան։ Այդ կինը հանկարծ զարթեցրեց նրա մեջ մի աղոտ միտք, և նրա զարմացած աչքերն սկսեցին երբեմն դառնալ դեպի նա, երբեմն դեպի նրա բեռնակիրը։ Նրա հիշողության մեջ հանկարծ ծագեց այն մոռացված կասկածանքը, որ մի ժամանակ ուներ նա դեպի ամեն կին, որ հանդիպում էր նրան, և որոնց մեջ որոնում էր իրան խաբողին, իրան մոլորության մեջ ձգողին։ Այժմ գտնում էր նա մի մթին նմանություն այդ կնոջ և այն կնոջ մեջ, որ մի տարի առաջ, յուր կատվի պատրվակով հանձնեք իրան անբախտ մանուկին։ Բայց տարբերությունները բավական մեծ էին։ Այն ժամանակ սև էր հագնված, իսկ այժմ բոլորովին մոխրագույն։ Այդ շատ չշվարեցրեց Օհանին, որովհետև հագուստը միշտ կարելի է փոխել։ Դեմքը լավ չէր մտաբերում,— այդ էր, որ շփոթեցրեց Օհանին։ Նրան տեսել էր երկու անգամ միայն, մեկը՝ ցերեկով, այն ևս խիստ սուղ միջոցում, մյուսը՝ գիշերով, խավարի մեջ։ Ձայնը, խոսակցության ձևը բոլորովին նման էր։ Նման էր և հասակը, այն կինն էլ դրա տարիքն ուներ։ Հանկարծ Օհանի աչքին ընկավ սև սաթի փոքրիկ խաչը, որ կապած ուներ պարանոցին և որի վերևի մասը և՛ այժմ երևում էր շապկի տակից։ Այդ խաչը նա լավ հիշում էր։ Նրա կասկածանքն ավելի ուժ ստացավ։
Նրա բեռնակրին առաջին անգամն էր տեսնում։ Այդ զզվելի մարդը, որ անդադար ձախ աչքը խփում էր, աջն՝ էր բաց անում, և աջը՝ խփում էր, ձախն՝ էր բաց անում, յուր թուխ դեմքով, սրածայր