Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քթով կարճ շրթունքներով, երկար ականջներով և խճճված սև մորուքով Օհանի վրա խիստ անախորժ տպավորություն գործեց, մանավանդ երբ իմացավ, որ նա հրեա է։

Տիկինը ոչինչ չգնեց։ Նա խոսացնելու համար միայն կանչել տվեց մանրավաճառին։ Քաղաքի բոլոր բարձր և միջին շրջաններում ել ու մուտ ուներ այդ կինը և գիտեր, թե ինչ տեղ ի՛նչ է կատարվել։ Օրեկան բամբասանքների մի կենդանի օրագիր էր նա: Այդ առիթով, յուր նազելի տիկնոջը հաճություն պատճառելու համար, թողեց նա յուր առևտուրը և սկսեց երկար ու երկար պատմել, թե ինչո՛ւ է այսինչ փաշան յուր կնոջը ծեծել... ի՛նչ պատճառով այնինչ փաշայի կանայքը միմյանց հետ կռվել են... թե այսինչ փաշայի աղջկա և յուր էյվազի մեջ ի՛նչեր են անցել... թե ո՛րքան ճշմարիտ է, որ այնինչ փաշան բաժանվում է յուր կնոջից և ամուսնանում է մի հարուստ այրիի վրա և այլն...

Երբ վերջացրեց, հավաքեց յուր իրեղենները, կրկին տեղավորեց արկղի մեջ, ասելով.

— Ներեցեք, նազելի տիկին, ես ուշացա, շատ ուշացա... Ն. էֆենդիի տանն այժմ սպասելիս կլինեն ինձ... մի քանի բաներ են ապսպարել...

Նա տվեց հրեայի շալակին ահագին արկղը, որ յուր երկարությամբ ծածկում էր՝ սկսած նրա գլխից մինչև մեջքի վերջը։ Բեռնակիրը կռացավ, ճոկան դարձավ այդ ծանրության ներքո։

— Մնաք բարյավ, նազելի տիկին, ցանկանում եմ ձեզ աշխարհի բոլոր բարությունները։

Նա գնում էր և միևնույն ժամանակ օրհնում էր։

— Ի՞նչ ազգից է այդ կինը,— հարցրեց Օհանը, երբ բոլորովին հեռացավ նա։

— Չգիտեմ, պետք է որ հույն լինի,— պատասխանեց տիկինը։

— Շատ բարի պտուղ չէ երևում...

— Նրանք ամենքն էլ այդպես են լինում,— ասաց տիկինը, վեր կացավ նստած տեղից և ծանր, անհավասար քայլելով սկսեց գնալ դեպի յուր բնակարանը։

Օհանը նկատեց նրա տխրությունը և քարացածի նման կանգնած հետևից նայում էր նազելի հասակին, նայում էր մտախոհ գնացքին, և ինքն էլ չգիտեր, թե ինչու է այդպես անհագաբար նայում ...

Նա կրկին մոտեցավ, նստեց ավազանի մոտ, մի նստարանի վրա։ Այժմ գույնզգույն ձկներն այլևս չէին հետաքրքրում նրան: